«Ֆրունզիկ Մկրտչյանը Սոչիում բնակվող Ալեքսանդր Մկրտչյան անունով ազգական չունի»
Օրերս «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը հրապարակում էր պատրաստել այն մասին, որ Ֆրունզիկ Մկրտչյանի` Սոչիում բնակվող ազգականն իր դստերն Օլիմպիադա է կոչել:
Ըստ լրատվամիջոցի՝ Ալեքսանդր Մկրտչյանն իր նորածին դստերն անվանել է Օլիմպիադա` ի պատիվ առաջիկայում Սոչիում մեկնարկելիք Օլիմպիական խաղերի:
«Երազում ենք, որ մեր Օլիմպիան, մենք նրան այդպես ենք անվանում, մարզուհի և, իհարկե, օլիմպիական չեմպիոնուհի դառնա»,-ասել են ծնողները ` Ալեքսանդրը և նրա կինը` 26-ամյա Սերաֆիման:
Ըստ պարբերականի` ծնողները բավականին երկար են ընտրել փոքրիկի անունը: Սկզբում որոշել են Սոֆյա անվանել, սակայն հետո Ալեքսանդրը որոշել է` Օիմպիադա: «Իհարկե, մենք նրան կոչել ենք ի պատիվ օլիմպիական խաղերի, չէ՞ որ դա խոշոր իրադարձություն է մեր ողջ երկրի և, մասնավորապես, մեր ընտանիքի համար: Բոլորս այսպես կամ այնպես օլիմպիական միջավայրում ենք ապրում: Օրինակ, ամուսինս մասնակցել է «Սպորտում միայն աղջիկներ» ֆիլմի նկարահանումներին»,-ասել է Սերաֆիման:
Հրապարակումից հետո 168.am-ի հետ կապվեց Ֆրունզիկ Մկրտչյանի եղբորորդին՝ Մուշեղ Մկրտչյանը: «Ֆրունզիկ Մկրտչյանը Սոչիում բնակվող Ալեքսանդր Մկրտչյան անունով ազգական չունի։ Բոլոր ազգական Մկրտչյանների անունից խնդրում եմ հերքել այդ լուրը։ Գուցե այդ անձը ներկայանում է որպես ազգական՝ կինոաշխարհում Մկրտչյան ազգանունը ի շահ իր բիզնեսի օգտագործելու համար։
Բոլոր դեպքերում վստահ կարող եմ պնդել, որ նման ազգական գոյություն չունի, քանի որ պապիկս՝ Մուշեղ Մկրտչյանը, քույր կամ եղբայր չի ունեցել։ Նույնը նաև տատիկս։ Նրանք երկուսն էլ ցեղասպանությունից հետո Գյումրիի ամերիկյան որբանոցում հայտնված միայնակ երեխաներ են եղել Մուշից և Վանից։
Առաջին անգամ չէ, որ ռուսական լրատվամիջոցները խեղաթյուրում են Ֆրունզիկի կենսագրությունը և շահարկում քաղաքական ենթատեքստով։ Մի անգամ նույնիսկ ինչ-որ հեռուստահաղորդման մեջ նրան վերագրել էին մտքեր, ըստ որի՝ նա ծիծաղելի է համարում Հայաստանի անկախությունը։ Իրականում նա ավելի քան հավատում էր անկախությանն ու ոգևորված էր այդ գաղափարով։ Հիմա էլ իրենց օրեցօր վարկաբեկվող օլիմպիադան քարոզելու նպատակով ինչ որ ինկնակոչի մասին հոդված են հրապարակում»,-գրել է Մուշեղ Մկրտչյանը, ով Ֆեյսբուքյան մեր էջում ավելացրել է.
«Եթե կա որևէ փաստաբան որը համապատասխան հայց կներկայացնի «Կոմսոմոլսկայա պրավդայի» և այդ անձի դեմ, խնդրում եմ մեսիջով կապվել ինձ հետ»։