Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Թ. Պողոսյանի մանդատը վայր դնելու և իր տեղը Զ. Փոստանջյանին զիջելու մասին

168.amի հարցազրույցը «Ժառանգություն» խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

– «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը օրեր առաջ հայտարարեց, որ վայր է դնում մանդատը: Թ. Պողոսյանը համաձայնեցրե՞լ է Ձեզ հետ իր որոշումը, թե՞ անակնակալի եկաք նրա հայտարարությունից:

– Ինձ համար անակնկալ էր, որովհետև ես ընտանեկան պատճառներով բացակայում էի երկրից: Վերադառնալուն պես ես հանդիպեցի Թևանի հետ: Նրա որոշումը մասնավոր տիրույթից է, և ես կոչ եմ արել, որ որպես լավ ծառայող պատգամավոր, Թևանը վերանայի իր որոշումը` վայր չդնի մանդատը, մնա խորհրդարանական ծառայության մեջ:

– Փաստորեն Թ. Պողոսյանին առաջարկել եք վայր չդնել մանդատը: Կարծում եք՝ կհամաձայնի՞:

Կարդացեք նաև

– Ես հույս եմ տածում, որ ինքը կվերանայի, կշարունակի իր գործունեությունը և մեր փոքրաթիվ  խմբակցությունը կշարունակի իր շատ ակտիվ գործունեությունը ազատ, ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի համար:

– Պարոն Հովհաննիսյան, Թևան Պողոսյանի` մանդատից հրաժարվելու որոշումը փաստորեն կհանգեցնի նրան, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում «Ազատ Դեմոկրատների» թիվը կավելանա ևս մեկով` կազմելով խմբակցության մեծամասնություն: Որևէ միջամտություն այս հարցում չե՞ք ունենալու:

– Դա ինձ համար մանրուք է: Մանրուք է տարբեր չափումներով: Մեր երկիրն այնքան կարևոր խնդիրներ ունի լուծելու, որ այդ հարցը նույնիսկ չարժե քննարկել: Մենք մեր երկրի պետականության, իրավունքի, սահմանադրության հարցը պետք է լուծենք, պետք է լուծենք միասին` քաղաքական, քաղաքացիական ուժերով, իսկ մնացածը բնականոն ձևով… Ես որևէ կուսակցական հարց այստեղ չեմ տեսնում, ամեն մեկն ունի իր էթիկան, ամեն մեկն ունի իր ախորժակը, ակնկալիքը: Կարծում եմ` փետրվարի սկզբին արդեն ճշգրիտ պատկերը կլինի, որին համապատասխան ես իմ խոսքը կասեմ:

– Եթե Թևան Պողոսյանն, այնուամենայնիվ, չփոխի իր որոշումը և վայր դնի մանդատը, «Ազատ Դեմոկրատները», ինչպես հայտարարել են, պատրաստ են վերցնել մանդատը, ո՞րն է լինելու Ձեր դիրքորոշումը:

– Ես արդեն անցյալ տարի արտահայտվել եմ այդ շատ «հարգելի» կուսակցության պետի հատկանիշների մասին և ավելացնելիք չունեմ: Նրանց ամենայն բարիք եմ մաղթում, որովհետև այնտեղ իսկապես կան շնորհալի երիտասարդներ: Պարզապես պիտի նկատի առնվի, որ այդ կուսակցության պետը դուրս է եկել խմբակցությունից, «Ժառանգությունը» չի ներկայացնում, ուստի «Ժառանգության» տեսակը, «Ժառանգության» պայքարի և առաքելության տեր մարդիկ պիտի շարունակեն իրենց գործունեությունը ազատ և ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի համար:

Կրկնում եմ` սա երրորդական հարց է, չեմ կարծում, որ դարակազմիկ խնդիր է: Ամեն մեկը պիտի առաջնորդվի  իր հատկանիշներով, բնութագրականով: Փետրվար ամսին ես իմ գնահատականը կտամ ու, կարծում եմ, համենայնդեպս հույս եմ տածում, որ խորհրդարանում կլինի Թևան Պողոսյանը: Բայց դա կապ չունի ոչ ցուցակի, ոչ այլ կուսակցությունների հետ. դա ուղղակի անհրաժեշտ է խորհրդարանական աշխատանքը կազմակերպելու համար:

– Զարուհի Փոստանջյանի հայտնի` «կազինոների» մասին ԵԽԽՎ-ում հնչեցրած հարցից հետո «Ժառանգություն» խմբակցությունում առկա տարաձայնությունները ջրի երես դուրս եկան. խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվեց Ռուբիկ Հակոբյանը, հիմա էլ մանդատից է հրաժարվում Թևան Պողոսյանը: Ի՞նչ է կատարվում խմբակցությունում, այս իրադարձությունները կապվա՞ծ են միմյանց հետ:

– Չէ… շատ անգամ կյանքը, քաղաքական կյանքն` իր ամբողջ իրականությամբ, չի արտացոլվում մեր մամուլում: Ենթադրություններ, բամբասանքներ, չարակամ, մեկ-մեկ պատվիրված մեկնաբանություններ են հրապարկվում: Որպես «Ժառանգության» ներկայացուցիչներ ամեն մեկն իր ազատ ծառայության մեջ են: Ռուբեն Հակոբյանը, Թևան Պողոսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը նույնպես, կշարունակեն իրենց աշխատանքը որպես խմբակցության անդամներ և այս փոփոխությունները որևէ աղերս չունեն տարածվող տեսությունների, բամբասանքների հետ:

– Պարոն Հովհաննիսյան, մամուլում լուրեր տարածվեցին, թե 2014թ. Դուք պատրաստվում եք կուսակցության ղեկավարի պաշտոնը հանձնել Զարուհի Փոստանջյանին: Իսկապես ունե՞ք նման մտադրություն:

– Ո՞վ էր ասում… մեկ հատ հղում արեք` ով էր ասում այդ մասին: Դուք հետևել եք ինձ, ու գիտեք, որ ես կողմնակից եմ սերնդափոխության, ռոտացիայի և քանի անգամ վերջին յոթ-ութ տարիների ընթացքում ես ինձ ենթարկել եմ ռոտացիայի: Նման գործընթացը ենթադրում է ընտրություն, համագումար, և զիջելու խնդիր չկա: Երբ կունենանք մեր համագումարը, կունենաք նոր կազմ, և շատ ուրախ կլինեմ, որ նոր դեմքեր, նոր երիտասարդներ հնարավորություն ունենան մաս կազմելու Հայաստանի քաղաքական կյանքին:

Զարուհի Փոստանջյանն առաջատար պատգամավոր է, նա ունի իր ողնաշարը, իր սկզբունքները, որոնք հարգանքի են արժանի: Մենք յուրաքանչյուրս դիմացինի մեջ պիտի տեսնենք լավը, ուժեղը, և ուժեղացնելով քաղաքացիական, քաղաքական պայքարը, պիտի հասնենք սահմանադրական Հայաստանի կերտմանը:

– Դուք հերքո՞ւմ եք բոլոր այն լուրերը, տպավորությունները, թե «Ժառանգություն» կուսակցությունում, խմբակցությունում լարվածություն կա:

– Ցանկացած կուսակցության մեջ բանավեճ կա, ցանկացած քաղաքական միավորման մեջ այլընտրանքների փնտրտուք կա, բայց այդ տարաձայնությունները, դավային տեսությունները, որ տարածվում են որոշ լրատվամիջոցների կողմից, ճշմարտության հետ որևէ կապ չունեն: Ես չպետք է ասեմ` դրանք վճարովի են, ուղղորդվում են, որովհետև ամեն մեկն իր խոսքը կարող է ասել: Ես 25 տարի է Հայաստանում եմ և գրեթե մի օր չկա, որ իմ մասին մի բան կարդացած չլինեմ: Դա արտահայտվելու իրավունք է, ինչը պաշտպանված է մեր Սահմանադրությամբ, և ես պաշտպանում եմ նման ստախոսների արտահայտվելու իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս