
ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է, որ Քերին ու Լավրովը հանդիպելու են հունվարի 13-ին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հաստատել է, որ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Փարիզում հանդիպելու են հունվարի 13-ին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին.
«Ես կարող եմ հաստատել, որ Լավրովի հետ հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 13-ին, Փարիզում»: Պսակին ենթադրել է, որ այդ բանակցությունների մեծ մասը նվիրված է լինելու «Ժնև 2» կոնֆերանսի անցկացմանն առնչվող հարցերին: Պսակին հավելել է, որ հանդիպման մանրամասները հայտնի կդառնան առաջիկա 24 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, որ երեկ ռուսական Интерфакс լրատվական գործակալությունը, վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ում իր աղբյուրը, հայտնել էր, որ Լավրովի ու Քերիի հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 13-ին, Փարիզում: