Լյուդմիլա Սարգսյան. Ես ԲՀԿ-ն չեմ կապում ուղիղ Ռոբերտ Քոչարյանի հետ

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հետ

– Ինչո՞ւ, ըստ Ձեզ, սկսվեց Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճը: Նախ՝  արձագանքելով վարչապետի մեծ ասուլիսի ժամանակ հնչեցրած հայտարարություններին` ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանն ասաց, թե «թերարժեք վարչապետը ճոխություն է» երկրի համար, ինչին հետևեց Տիգրան Սարգսյանի պատասխան հայտարարությունը: Ի՞նչ կոնֆլիկտ է սա:

– Այն աղմուկը, որը բարձրացել է Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասով, ինձ համար առանձնապես լուրջ չէ, արժանահիշատակ չէ: Քոչարյանը, բնականաբար, չի ցանկանում ընդհանրապես հեռանալ քաղաքական դաշտից և փորձում է իր գործոնը քաղաքականության մեջ ընդգծված պահել: Ճիշտ է, միշտ չէ, որ նրան դա հաջողվում է, որովհետև բոլոր այն թեմաները, որոնք նա կշոշափի, մեղադրանքներ կհասցնի իշխանությանը, բոլոր այդ օղակներում ինքն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել ժամանակին: Տիգրան Սարգսյանը Քոչարյանի օրոք ԿԲ նախագահ է եղել, ոսկին վաճառվել է, բնականաբար, Քոչարյանի համաձայնությամբ, և հենց այդտեղից էլ սկսվել է նրանց համագործակցության ու մեղքերի շղթան:

Այնպես որ, տարանջատել Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան միասնությունից՝ այնքան էլ արդարացված չէ: Տիգրան Սարգսյան-Սերժ Սարգսյան օղակն ինձ համար ամենամեծ մեղավորն է բոլոր այն չարիքների, որոնք գոյություն ունեն Հայաստանում: Եվ Քոչարյանն էլ առանձին չէ այս շղթայից, նրանք հաջորդում եմ միմյանց: Ուստի պետք չէ փորձել նրանց առանձին դիտարկել, պետք չէ ասել, որ Քոչարյանն այսօր ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս: Ես չեմ բացառում, որ նա իրոք տեսնում է բոլոր այն հանցանքները, որոնք գործել է Տիգրան Սարգսյանը, բայց մենք չենք կարող այդ հանցանքներից զերծ պահել Քոչարյանին:

Ռ. Քոչարյանի յուրաքանչյուր հայտարարություն, որն ուղղված է գործող իշխանությանը, ընդամենը սեփական անձի մասին հիշատակմանն է ուղղված, դա փորձ է ազդեցության պահպանմանը նաև ՀՀԿ-ի հատվածում: Չեմ կարծում, որ հասարակությունը մոռացել է Քոչարյանի նախագահության տարիներին տեղի ունեցած հանցանքները, որի մեջ մեղադրվում է վարչախումբը և այդ թվում` Ռոբերտ Քոչարյանը: Խոսքը Հոկտեմբերի 27-ի մասին է, որը մինչև հիմա բացահայտված չէ, պատժված չեն պատվիրատուները, նաև Մարտի 1-ի մասին է, որը տեղի ունեցավ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, նրա ուղիղ ղեկավարությամբ… Կարծում եմ` Ռ. Քոչարյանի շուրջ ստեղծված աղմուկն արհեստածին է:

– Ռ. Քոչարյանի հարցազրույցի բովանդակությունից ելնելով՝ շատերը համոզված են, որ նա պատրաստվում է ընդդիմադիր դաշտում գործել: Նրա ընդդիմադիր երևալու տպավորությո՞ւնն էլ արհեստածին է:

– Չէ, չի կարելի դա անվանել ընդդիմադիր պայքար: Սովորաբար, երբ դժգոհում ես իշխանությունից, քննադատում, մեղադրում, դա արդեն դիտարկվում է՝ որպես ընդդիմադիր մոտեցում, բայց Քոչարյանին տարանջատել հանցանքներից՝ հնարավոր չէ: Հետևաբար՝ Ռոբերտ Քոչարյանի ոչ մի ելույթ չի կարելի դիտարկել՝ որպես ընդդիմադիր դաշտից հնչող կարծիք:

– Երկրորդ նախագահի մեղադրանքը, քննադատությունն ուղղված էր ավելի շատ Տիգրան Սարգսյանի անձին և ոչ թե՝ կառավարության գործունեությանը: Սա, որոշ գնահատականներով՝ հայտ էր վերադառնալու վարչապետի պաշտոնում:  

– Այդ հայտը նոր չէ, որ ներկայացված է: Դեռևս 2008-ին նա ձգտում էր այդ պոստին, բայց մինչև օրս Տ. Սարգսյանն է նստած այդտեղ: Իսկ այն, որ Ռ. Քոչարյանի քննադատությունն ուղղված է ուղիղ Տիգրան Սարգսյանի դեմ` զերծ մնալով կառավարության առանձին անդամների դեմ մեղադրանքից, այստեղ ես Քոչարյանի հետ գրեթե համամիտ եմ: Կառավարություն ասելով՝ մենք հասկանում ենք՝ Տիգրան Սարգսյան, իշխանություն ասելով` Սերժ Սարգսյան, ուստի կառավարության անդամները, որոնք նշանակված են նախարարի պաշտոնում, ամեն ինչ համաձայնեցնում են Տիգրան Սարգսյանի հետ: Նախարարական պորտֆելը տրվում է նրանց, ովքեր պատրաստ են ամեն կերպ ծառայելու վարչախմբին, հակառակ դեպքում նրանք այդ պոստը չէին ստանձնի:

Այդ հարցազրույցից հետո կրկին կարծիքներ են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է ԲՀԿ-ի միջոցով: Ըստ Ձեզ` ո՞ւմ միջոցով կվերադառնա նա:

– Նախ՝ ես բացառում եմ վերադարձի տարբերակը, ուստի չեմ էլ ուզում քննարկել այս հարցը: Բայց չեմ կարծում, թե ԲՀԿ-ի միջոցով վերադարձի հնարավորություն կա:

– Ինչո՞ւ ԲՀԿ-ի միջոցով վերադառնալու հնարավորություն չկա:

– Կրկնում եմ` բացառում եմ նրա վերադարձը: Քոչարյանի փոքրիկ փորձերը՝ քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ստանձնելու նպատակով, դատապարտված են ձախողման, որովհետև մեր հիշողությունն այնքան կարճ չէ, որ… Ինքն էլ հասկանում է, որ իրեն դեռ չեն ներվել բոլոր այն մեղքերը, որոնք նա գործել է, որի համար նա դեռ պատասխան է տալու:

– Չասացիք` ինչո՞ւ եք բացառում ԲՀԿ-ի միջոցով վերադառնալու սցենարը:

– ԲՀԿ-ն կուսակցություն է, որը նույնպես հաշվարկել գիտի: Վերջին հաշվով՝ ես ԲՀԿ-ն չեմ կապում ուղիղ Ռոբերտ Քոչարյանի հետ:

– Այն խոսակցությունները, թե իբրև ԲՀԿ-ի հետևում Ռ. Քոչարյանի «ականջներն են», Ձեզ համար անհի՞մն են:

– Այո, դրանք անհիմն են: Ես չեմ բացառում, որ Քոչարյանի հետ ժամանակին ԲՀԿ-ն համագործակցել է, բայց եթե կհիշեք մի քաղաքական ուժ, որը ժամանակին այս կամ այն քաղաքական լիդերի հետ չի համագործակցել, ես կհամաձայնեմ ձեզ հետ: Սա քաղաքականություն է, և ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում:

 

Տեսանյութեր

Լրահոս