Audi-ն, Honda-ն, General Motors-ը և Hyundai-ն կօգտագործեն Android համակարգ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google կորպորացիան համագործակցության շուրջ պայմանավորվել է համաշխարհային չորս խոշորագույն ավտոկոնցեռնների հետ: Խոսքը գնում է ավտոմոբիլային համակարգիչներում Android բջջային օպերացիոն համակարգի օգտագործման մասին:

Տեխնոլոգիական նոր դաշինքի մեջ են մտել գերմանական Audi AG, ճապոնական Honda Motor Co., ամերիկյան General Motors Co. և հարավկորեական Hyundai Motor Co. ընկերությունները: Բացի այդ, նրանց միացել է գրաֆիկական արագացուցիչների ու պրոցեսորների արտադրող NVIDIA Corp.-ը:

Համագործակցության նպատակը լինելու է Google-ի բջջային տեխնոլոգիաների ինտեգրումն ավտոմեքենաներում, ինչը մեքենայի տերերին հնարավորություն կտա ավտոմոբիլային նավիգատորների էկրաններն օգտագործել որպես լիարժեք համակարգիչներ, ինչպես նաև սեփական սմարթֆոնների կամ պլանշետային համակարգիչների միջոցով ազատորեն ղեկավարել դրանք:

Ակնկալվում է, որ Android համակարգով հագեցած մեքենաների առաջին մոդելը կներկայացվի մինչև ընթացիկ տարեվերջ: Android օպերացիոն համակարգը ներկայումս ամենահանրաճանաչն է բջջային սարքերի շուկայում: Վերջին տվյալներով՝ այն տեղակայված է աշխարհի սմարթֆոններից մոտ 80 տոկոսում:

Տեսանյութեր

Լրահոս