
250.000 դրամ տուգանք՝ 16 տարին չլրացած աղջկա հետ ամուսնանալու համար

Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 21-ամյա տղամարդուն տուգանել է 250.000 դրամով. նա մեղավոր է ճանաչվել ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ ամուսնանալու և սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ս. Խանգալդովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի 24-ին նա ամուսնացել և մինչև 2013թ. հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Արարատի մարզի Երասխ գյուղի բնակչուհի Թ. Ա.-ի հետ: Ս. Խանգալդովին մեղադրանք է առաջադրվել սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար 16 տարին չլրացած անձի հետ (ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդված):
Ըստ datalex-ի՝ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորն իր վճռում նշել է, որ Ս. Խանգալդովը առաջադրված մեղադրանք ընդունել է ամբողջ ծավալով և մինչև դատաքննության անցկացումը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Դատարանը որոշում է կայացրել դատական քննության արագացված կարգով անցկացնելու մասին:
Դատարանը Ս. Խանգալդովին մեղավոր է ճանաչել: Դատավճռով նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 250 հազար դրամ: Դատավճռով նշանակված տուգանքի վճարումը տարաժամկետվել է, տուգանքի վճարումը թույլատրվել է 5 ամսվա ընթացքում:
Դատավճիռն օրինական ուժի մեջ է մտբելու հրապարակումից մեկ ամիս անց: Այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան: