
Թոշակառուների համար լավագույն երկիր է ճանաչվել Պանաման

Ամերիկյան Forbes պարբերականի փոխանցմամբ՝ թոշակառուների համար լավագույն երկիր է ճանաչվել Պանաման: Թոշակառուների համար լավագույն երկրների վարկանիշն ամեն տարի պատրաստում է International Living պարբերականը՝ հենվելով իր թղթակիցների տվյալների վրա:
Առաջնահերթությունը Պանամային է տրվել առաջին հերթին նրա համար, որ այնտեղ բավական պարզ է ռեզիդենտ դառնալու կարգը: Դրա համար անհրաժեշտ է միայն տեղական բանկում բացել 5000 դոլարանոց հաշվեհամար, ինչպես նաև կատարել պահանջվող երեք կետերից մեկը. անշարժ գույքի տեր դառնալ, բացել սեփական բիզնես կամ տեղավորվել աշխատանքի:
Բացի այդ, լատինամերիկյան այդ երկրում առկա է հիանալի եղանակ, դոլարի հանդեպ տեղի արժույթի բացառիկ փոխարժեք, ամուր տնտեսություն և կայուն կառավարություն: International Living-ն ընդգծում է. «Եթե դուք չեք կարող ինչ-որ բան ստանալ Պանամայում, նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, դա ձեզ անհրաժեշտ չէ»:
Պանամայի թերությունների թվում նշվում են ոչ զարգացած ենթակառուցվածքները և վատ ճանապարհները: Թոշակառուների համար ամենանպաստավոր երկրների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է Էկվադորը, ապա գալիս են Մալայզիան, Կոստա Ռիկան, Իսպանիան, Կոլումբիան, Մեքսիկան, Մալթան, Ուրուգվայը և Թաիլանդը: