
Կաննի փառատոնի ժյուրին կգլխավորի կին ռեժիսորը

Այս տարի Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի նորզելանդացի կին ռեժիսոր Ջեյն Քեմպիոնը:
Թեև նա վերջին տարիներին սկսել է քիչ ֆիլմեր նկարահանել, սակայն միակ կին ռեժիսորն է, ով երկու անգամ արժանացել է Կաննի փառատոնի գլխավոր մրցանակին: Առաջին անգամ Քեմպիոնը «Ոսկե արմավենու» արժանացավ 1986թ. իր «Կեղևը» կարճամետրաժ ժապավենի համար, իսկ երկրորդ անգամ՝ 1993թ. նրա հայտնի «Դաշնամուրն» արժանացավ Կաննի գլխավոր մրցանակին: Ի դեպ, այդ ֆիլմը նաև եռակի օսկարակիր ժապավեն է:
Վերջին անգամ 2009 թվականին էր, երբ Կաննի կինոփառատոնի ժյուրին կին էր գլխավորում՝ ֆրանսիացի հայտնի դերասանուհի Իզաբել Հյուպերը: Անցյալ տարի ժյուրիի նախագահը Ստիվեն Սփիլբերգն էր, իսկ Ջեյն Քեմպիոնը գլխավորում էր կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին:
Կաննի կինոփառատոնն այս տարի կբացվի մայիսի 14-ին և կտևի մինչև մայիսի 25-ը: