
Նիկարագուայի կառավարությունը մեկ տարով հետաձգել է Միջօվկիանոսյան մեծ ջրանցքի կառուցումը

BBC-ի փոխանցմամբ՝ Նիկարագուայի կառավարությունը մեկ տարով հետաձգել է Միջօվկիանոսյան մեծ ջրանցքի կառուցումը, քանի որ անհրաժեշտ է հստակեցնել նոր ջրային ուղու երթուղին: Այս մասին հայտարարել է շինարարության ղեկավար Մանուել Կաուտսը:
Վերջինիս խոսքերով՝ ջրանցքի երթուղին պետք է հաստատվի 2014 թվականի երրորդ եռամսյակում, իսկ նախագծի իրագործումը սկսվելու է 2015 թվականից ոչ շուտ: Կաուտսը հավելել է, որ անհրաժեշտ է սպասել տեխնիկա-տնտեսական հավելյալ հիմնավորման:
Ավեի վաղ Նիկարագուայի իշխանությունները հայտարարել են, որ շինարարական աշխատանքները կարող են սկսվել արդեն 2014 թվականին: Նախորդ տարվա հունիսին Նիկարագուայի կոնգրեսը հավանության է արժանացրել Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների միջև ջրանցքի կառուցումը:
Դա պետք է իրականացնի չինական ընկերությունը, նախագիծը գնահատվում է 40 միլիարդ դոլար: Ջրանցքի երկարությունը կազմելու է 286 կիլոմետր: