
Անգլիայում Ջոն Լենոնի առանձնատունը վաճառքի է հանվել 22.6 միլիոն դոլարով

Բրիտանական The Times թերթի փոխանցմամբ՝ անգլիական Վեյբրիջ քաղաքում գտնվող տունը, ուր մի քանի տարի բնակվել է Beatles խմբի անդամ Ջոն Լենոնը, վաճառքի է հանվել 13.7 միլիոն ֆունտ սթեռլինգով (ավելի քան 22.6 միլիոն դոլար):
Թերթի տվյալներով՝ «լիվերպուլյան քառյակի» մասնակիցն այդ առանձնատունը ձեռք է բերել 1964 թվականի հուլիսին՝ վճարելով 20.000 ֆունտ սթեռլինգ և այնտեղ բնակվել է 4 տարի՝ իր առաջին կին Սինտիայի հետ:
Համարվում է, որ հենց այնտեղ է Լենոնը ստեղծագործել Beatles-ի ութերորդ ալբոմի համար, որը ստացել է Sgt. Peppers Lonely Hearts Club Band անվանումը: Վերջինս ցայժմ համարվում է խմբի ամենահանրաճանաչ ալբոմը:
Լենոնի բնակված տունը վաճառքի է հանվել 0.6 հեկտար հողատարածքի հետ միասին: Տունն ունի 6 ննջասենյակ, նույնքան էլ լոգասենյակ, սաունա, բիլիարդի սեղան, տնային կինոթատրոն, փակ լողավազան, սպասավորների համար տնակ: