Գագիկ Մինասյանի համար անհասկանալի է՝ ի՞նչ անօրինական փողերի մասին է խոսքը
ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը 168.am-ի հետ զրույցում տարակուսեց, թե ինչ անօրինական փողերի արտահոսքի մասին է խոսվում Global Financial Integrity կազմակերպության հրապարակած «Զարգացող երկրներից ոչ օրինական ֆինանսական հոսքեր 2002-2011» զեկույցում, ըստ որի ՀՀ-ից 10 տարում ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար:
«Անօրինական փող ասվածը լավ չեմ հասկանում՝ նարկոբիզնե՞ս կա, զենքի՞ առևտուր է… Հայաստանը ՄԱՆԻՎԱԼ-ի անդամ է և ամենապարտաճանաչ անդամներից մեկն է, և մեր Կենտրոնական բանկը և ընդհանրապես բանկային համակարգը նման բաներին չափազանց խիստ են վերաբերվում: Փողերի անօրինական շրջանառությունը չափազանց խիստ է պատժվում բոլոր այն կազմակերպությունների կողմից, որոնք Բազելի համաձայնագրի անդամ են: ՀՀ-ն այդ համաձայնագրի անդամ է և դրա պարտաճանաչ անդամներից մեկը: Եթե որևէ արտառոց բան լիներ, հասարակությունը կիմանար»,- ասաց Գ.Մինասյանը:
Ըստ նրա՝ անօրինական ֆինանսական հոսքերն անհամատեղելի են այն իրողությունների հետ, որ այսօր կան՝ և´ ՀՀ բանկային համակարգի կարգավիճակը, և´ այն խստագույն օրենսդրությունը, որը սահմանափակում է այդպիսի բաները: