2014թ. հունվարի 1-ից կբարձրանա հիմնական կենսաթոշակի չափը
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հիմնական կենսաթոշակի չափը սահմանել 14 հազար դրամ, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը առաջին 10 տարվա համար` 700 դրամ, 10 տարին գերազանցող յուրաքանչյուր տարվա համար` 450 դրամ: Արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2013թ. շուրջ 31 հազարի փոխարեն 2014թ. կկազմի շուրջ 36 հազար դրամ: Կաճեն նաև շարքային կազմի զինծառայողների և նրանց ընտանիքի անդամներին վճարվող հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում տրվող կենսաթոշակի չափերը (միջին չափը 16 հազար 400-ի փոխարեն կկազմի շուրջ 17 հազար 500 դրամ):
Զինվորական կենսաթոշակի չափերի հերթական բարձրացումը նախատեսվում է 2014թ. հուլիսի 1-ից:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը ծերության սոցիալական նպաստի չափը սահմանել է 14 հազար դրամ, հաշմանդամության սոցիալական նպաստի չափը` 14 հազարից (երրորդ խումբ) մինչև 19 հազար 600 դրամ (առաջին խումբ): Թաղման նպաստի չափը սահմանվել է 200 հազար դրամ:
Արդյունքում 2014թ. հունվարի 1-ից կվճարվեն վերը նշված սոցիալական նպաստները, որոնց չափերը կլինեն այնքան, որքան կլիներ անձանց վճարվող սոցիալական կենսաթոշակի կամ թաղման նպաստի չափը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագրին, որի ընդունմամբ ակնկալվում է ստեղծել բնակարանային ֆոնդի ինստիտուտի ներդրման հիմք և սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված անձանց խառը բնակեցման միջոցով ապահովել ինչպես նրանց ինտեգրումը հասարակություն, այնպես էլ ֆոնդի արդյունավետ կառավարումը:
Կառավարության որոշմամբ նախկինում ընդունված որոշումներից մեկում կատարվել է փոփոխություն, ըստ որի ընտանեկան նպաստի համակարգ ընդգրկելու միավորների շեմը իջեցնելու միջոցով ընդլայնվել է այն կարիքավոր անձանց շրջանակը, ովքեր կօգտվեն անվճար բուժօգնության իրավունքից. նրանց թիվը կհասնի 270 հազար մարդու:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը մտադիր է ապահովել ԱՊՊԱ համակարգի հուսալիությունը և վերահսկելիությունը, չապահովագրված մեքենաների հայտնաբերումը և համակարգում հնարավոր խարդախությունների կանխումը:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման և կապիտալ նորոգման գծով աշխատանք կատարելու նպատակով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին հատկացվել է 850 մլն դրամ: Սահմանվել է, որ սույն որոշմամբ հատկացված գումարի մասով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ազատվում է 2013թ. գործունեության արդյունքով ՀՀ 2014թ. պետբյուջե շահութաբաժնի վճարումից: