Սուքիաս Ավետիսյանի հարցը` այսօր

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն, հրավիրել են Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ` անօրինական համարելով դեկտեմբերի 23-ին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկությունը: Այն բանից հետո, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հավաքեց ՀՀԿ-ականների գրանցման քարտերը, որպեսզի նրանք կողմ չքվեարկեն հայտնի «գազային» համաձայնագրերին, քվեարկությունն անցկացվեց ձեռքերը վեր բարձրացնելու ռեժիմով:

Նման դեպքերում, ԱԺ Կանոնակարգ-օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով` էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում, ձայները հաշվում է Հաշվիչ հանձնաժողովը, որի 7 անդամներից 4-ն այս դեպքում հաշվման կամ քվեարկության հետ կապված որևէ գործողության չեն մասնակցել: Իսկ որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ. այսինքն` յոթ անդամից առնվազն 4-ի կողմ լինելու դեպքում: Եվ հիմա հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները պահանջում են հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահից` բացատրություն տալ, թե ինչպե±ս են արձանագրվել քվեարկության արդյունքները, երբ 4 անդամները չեն մասնակցել հաշվման գործընթացին:

Նրանք նաև չեն բացառում, որ եթե հանձնաժողովի Հանրապետական նախագահ Սուքիաս Ավետիսյանը չներկայանա նիստին կամ համապատասխան բացատրություններ չներկայացնի, կդիմեն նրան պաշտոնանկության ենթարկելու քայլին:

Երեկ ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները կրկին նիստ են գումարել և որոշել` հանձնաժողովի ՀՀԿ-ական և ՕԵԿ-ական պատգամավորներին ևս մեկ անգամ իրազեկել այսօրվա արտահերթ նիստի մասին: Թեև նրանք պատշաճ կարգով իրազեկված են եղել, այնուամենայնիվ, ընդդիմադիր պատգամավորները զանգահարել են Տաճատ Վարդապետյանին ու Սուքիաս Ավետիսյանին, ասել, որ ԱԺ-ում Հաշվիչ հանձնաժողովի նիստ է գումարվելու: Մեզ հայտնի դարձավ, որ հեռախոսազրույցի ընթացքում ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանն ասել է, որ հիվանդ է և դժվար թե կարողանա ներկայանալ նիստին: Նա խնդրել է իր բացակայությունը հարգելի համարել, ասելով, որ ջերմում է: Նշենք, որ առայժմ հայտնի չէ` արդյոք Սուքիաս Ավետիսյանը կներկայանա՞ նիստին, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս