Շախմատը հնարավոր կլինի խաղալ ձայնով
Պատկերացնում եք` շախմատը խաղալ խոսելով, դուք ասում եք որևէ ֆիգուրի քայլերի հաջորդականությունը և շարժման կոորդինատները, իսկ համակարգիչը լսում է և կատարում ձեր հրամանները: Խոսելով խաղալը նոր մշակույթ է հայաստանյան խաղային շուկայում, որը կարող է աճ արձանագրել: Այս տեխնոլոգիայի միջոցով հնարավոր է ոչ միայն շախմատ, այլև մի շարք այլ խաղեր ստեղծել, որոնք իրականում կարող են լուրջ պահանջարկ ունենալ:
SpaekToPlay` խոսել խաղալու համար, ահա այս նախագծով երեք հայ ծրագրավորող` Արա Ասրյանը, Աղավնի Գրիգորյան և Տաթև Սիմոնյան թիմով ներկայացրել էին իրենց գաղափարը «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի ժամանակ:
168.am-ի հետ զրույցում թիմի անդամ, ծրագրավորող Արա Ասրյանն ասաց, որ ինքն այս գաղափարը դեռևս 2 տարի առաջ ուներ, սակայն այդ ժամանակ ծրագրավորումից «այդքան գաղափար չուներ, ինչպես այժմ»: Իսկ հիմա արդեն որոշակի ծրագրավորման հմտություններ ձեռք բերելուց հետո՝ իր երկու ընկերների հետ գաղափարը կարողացել են որոշակի փուլի հասցնել:
«Ձայնի միջոցով շախմատ խաղալու խաղը դեռևս ամբողջությամբ պատրաստ չէ, դեռևս որոշ տեխնիկական խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք, օրինակ` խաղը դեռևս ոչ բոլոր ձայներն է ճանաչում, իսկ արդյունքում երբեմն սխալ գործողություններ է կատարում»,- ասաց Ա. Ասրյանը` նշելով, որ հենց դա է պատճառը, որ նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնի ժամանակ իրենք ստացան խրախուսական մրցանակ:
Ա. Ասրյանը նշում է, որ առաջիկայում իրենք աշխատելու են խաղում առկա խնդիրները լուծել և այն ավելի կատարելագործել. «Օրինակ, եթե այժմ շախմատ կարելի է խաղալ երկու հոգով, բայց մեկ համակարգչով, ապա պետք է այնպես անենք, որ տարբեր համակարգիչներով կարողանան խաղալ իրար դեմ»:
Ըստ մեր զրուցակցի` ձայնով շախմատ խաղալու ավելի կատարելագործված և որակյալ տարբերակը պատրաստ կլինի առաջիկա 1-2 ամսում: SpaekToPlay նախագծի շրջանակներում ձայնով շախմատ խաղալու խաղը կլինի ծրագրավորողների խմբի առաջին խաղը, սակայն նրանք կարծում են, որ այս կերպ կարող են բազմաթիվ այլ խաղեր ստեղծել: