ԱԺ ոչ իշխանական ուժերը նոր որոշում են կայացրել
Քիչ առաջ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը փակ խորհրդակցություն են անցկացրել, որտեղ «գազային» պայմանագրի քվեարկության անօրինականության վերաբերյալ որոշում են կայացրել: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ քննարկման արդյունքում իրենք որոշել են հրավիրել Հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ: Նա նշեց, որ մինչև Սահմանադրական դատարան դիմելը իրենք՝ Հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների ներկայացուցիչներով, պահանջում են հանձնաժողովի արտահերթ նիստ անցկացնել:
«Մինչ ՍԴ դիմելը մենք պետք է իրականացնենք մեր իրավունքների պաշտպանության բոլոր հնարավոր գործողությունները խորհրդարանում: Հաշվիչ հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին չի աշխատել, չի աշխատել ոչ միայն այն պատճառով, որ ժամանակ չի ունեցել, այլև այն պատճառով, որ նման խնդիր չի առաջադրվել: Ելնելով հանձաժողովի առջև դրված խնդիրների իրացման հնարավորություններից, օգտվելով Կանոնակարգ օրենքով նախատեսված հնարավորությունից, դիմում ենք հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանին, 334 սենյակում արտահերթ նիստ հրավիրելու պահանջով»,- նշեց նա:
Եթե Ս. Ավետիսյանը չներկայանա նիստին, հրաժարվի այն վարել, ապա Ա. Մինասյանի խոսքով, ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով Հաշվիչ հանձնաժողովի քարտուղարն է, լիիրավ իրավուքն ունի վարելու այդ նիստը:
«Մենք ներկայացնելեւ ենք հաշվարկման օրինականությունն ու կազմակերպական հարցերը: Մենք այս պահանջն առաջադրում ենք, ու եթե նա չժամանի այդ նիստին, մենք իրավասու ենք անցկացնելու այդ նիստը: Տիկին Սարգսյանը՝ լինելով հանձնաժողովի քարտուղար, իրավուքն ունի վարելու, եթե Սուքիաս Ավետիսյանը ցանկություն չունենա վարելու նիստը, չգա»,- ավելացրեց նա: