Տեր-Պետրոսյանի ելույթն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ արտաքին աշխարհին

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարող էր «առնվազն 50 հազարանոց հանրահավաք անցկացնել», սակայն չանցկացրեց, որովհետև, եթե քաղաքական մյուս ուժերը չմիանային դրան, այն «սոսկ դատարկ կրակոց կլիներ ու, արդյունք չտալով, ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը»:

ՀԱԿ կուսակցության հանրապետական խորհրդի նիստում դեկտեմբերի 21-ին նման հայտարարություն է արել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա հայտարարեց, թե նկատի ունենալով իր վերջին երկու հրապարակումների «աննախադեպ հասարակական արձագանքը», մոտ 60 հազարին հասնող յութուբյան դիտումները, համոզված է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրենք կարող էին առնվազն 50-հազարանոց հանրահավաք անցկացնել։ «Ես չեմ կասկածում` այո: Միայն իմ ելույթները ունեցել են 60 հազարի չափ դիտում: Ուրեմն ժողովուրդը սպասում էր ինչ-որ բանի: Հարց է ծագում. եթե այդպես է, ինչո՞ւ չանցկացրինք այդ հանրահավաքը` Պատասխանում եմ. որովհետև, եթե մյուս ուժերը չմիանային, և Արևմուտքն էլ, համարյա համոզված եմ, նույն կերպ էր վարվելու մեր նկատմամբ, ինչպես` 2008 թվականին, այլ ոչ թե` Ուկրաինայի պես, այդ հանրահավաքը չէր կարող նոր քաղաքական գործընթաց սկսել»,- ասել էր ՀՀ առաջին նախագահը:

Lyova Xachatryan1ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե իր գնահատմամբ` ՀԱԿ-ն ընդունա՞կ է 50 հազարանոց հանրահավաք անցկացնելու: «Եթե ասում է, ուրեմն կհավաքի, էլի… Հին, փորձված նախագահ է եղել` գիտի` ինչ է ասում»,- պատասխանեց նա: Մեր հարցին` արդյոք Լ. Տեր-Պետրոսյանն իրավացի՞ է, և իրենք, լինելով խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը, չէի՞ն միանա ՀԱԿ հանրահավաքին, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Չգիտեմ… քննարկման խնդիր է: Մենք նման քննարկում չենք ունեցել»: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀ առաջին նախագահը որոշեց հիմա խոսել, Լյովա Խաչատրյանը չպատասխանեց, սակայն նկատեց, որ Տեր-Պետրոսյանի ելույթում պարզ ազդակ կա: «Նա ասում է, որ եթե ժողովուրդը չընդվզի, չպաշտպանի իր շահերը, ոչ մի քաղաքական ուժ առանձին պայքարով դա չի կարող անել: Այստեղ կա ճշմարտություն»: Նա համաձայնեց ՀԱԿ առաջնորդի այն համոզմանը, թե «իշխանության հաշիվ տալու ժամանակը եկել է»` ավելացնելով, որ իշխանությունը պարտավոր է հաշիվ տալ ամեն պահի: «Իսկ այս իշխանությունը երբեք չտվեց հաշվետվություն: Մենք էլ փորձում ենք դրա մասին բարձրաձայնել, որովհետև ավելին անել չենք կարող… ժողովուրդն ինչ-որ ձևով օգնել է նրանց` քաղաքական մեծամասնություն կազմեն, իրենք էլ անտեսում են թե՛ իրենց ընտրողներին, թե՛ քաղաքական կոլեգաներին. զոռով ամեն ինչ անում են»,- դժգոհեց ԲՀԿ-ական պատգամավորը` հավելելով, որ ԲՀԿ-ն կոնկրետ խնդիրների շուրջ պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում` ՀԱԿ-ի:

Alik Arzumanyan58ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ մեզ հետ զրույցում, ի պատասխան այն հարցի, թե արդյոք ՀԱԿ-ը կհավաքե՞ր 50 հազարանոց հանրահավաք, նշեց, թե հարկ չի համարում մեկնաբանել առաջին նախագահի ելույթը, որովհետև այն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ` արտաքին աշխարհին: «Այդ պատգամն ուղղված չէր Հայաստանի ներքին աուդիտորիային, այն ուղղված էր դրսին»,- վստահեցրեց նա: Հարցին, թե տեղ կհասնի՞ այդ «պատգամը», Ալ. Արզումանյանը պատասխանեց. «Դա արդեն իր և պատգամատերերի խնդիրն է»:

Կարդացեք նաև

Ըստ Ալեքսանդր Արզումանյանի` Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը որևէ նորություն չէր պարունակում, այլ` կրկնում էր իր նախորդ հայտարարությունները: «Այդտեղ նորություն չկար` ինքն ընդամենը ծաղկաքաղ է արել վերջին 5 տարիների իր բոլոր ելույթներից: Ինձ համար մի քիչ անընդունելի մոտեցում է, որ մենք մեր տկարությունը, մեր անկարողությունը կապում ենք օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների հետ: Չեմ կարծում, որ Արևմուտքը պետք է իր դարդ ու ցավը թողներ ու մտածեր ՀՀ-ի մասին: Մենք ենք կերտում մեր ապագան: Եթե չենք կարողացել, ապա на других менять не надо»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:

sharmazanovԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հրաժարվեց կանխատեսումներ անել` ՀԱԿ-ն իր շուրջը կհավաքե՞ր այդքան մարդ, թե՞ ոչ: «Չգիտեմ` ով ինչքան մարդ կհավաքի, դա իրենց խնդիրն է, բայց եթե այդքան հզոր էին, ուժեղ էին, ո՞վ էր իրենց ձեռքը բռնում, որ մասնակցեին նախագահական ընտրություններին, այլ ոչ թե դառնային մեկ այլ կուսակցությանը թասիբի քցող: Եվ հետո` տրամաբանական չէ, որ որևէ քաղաքական ուժի առաջնորդ կամ կնքահայր, այդ թվում` երկրի նախագահը, ուրախանում է, որ Յութուբում 60 հազար դիտում ունի: Եթե տենց նայենք` Կարգին Հայկոն ավելի շատ դիտումներ ունի, էհ, ի՞նչ անենք, ասենք, որ ով դիտել է, պետք է քո օգտին քվեարկի՞: Տրամաբանական չի ասել, թե` 60 հազար դիտում ունեմ, ուրեմն 50 հազար մարդ կհավաքեմ»,- ասաց ԱԺ փոխնախագահը` միաժամանակ նշելով, թե անկախ նրանից` քանի դիտում են ապահովում Լևոն Տեր-Պետրոսյանի յութուբյան տեսանյութերը, դրանք ուշադրության են արժանի:
«Բնականաբար, առաջին նախագահի կարծիքները, անկախ նրանից, թե նա 60 հազար դիտում ունի՞, թե՞ չէ, դրանից ինքն ուրախանո՞ւմ է, թե՞ չէ, հարյուր հազա՞ր, թե՞ վեց հազար, մշտապես, յուրաքանչյուր երկրում ուշադրության արժանի են»,- նշեց նա` ավելացնելով, թե համաձայն է ՀԱԿ առաջնորդի այն դիտարկումների հետ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ պատմականորեն չկան, և հակառուսական հիստերիան ընդունելի չէ:

Ամեն դեպքում, ԱԺ փոխնախագահը նշեց, թե ՀՀ առաջին նախագահը` իր դիտարկումներով կարծես գալիս է իր «ֆիասկոն քողարկելու, իր սեփական դեմքը փրկելու», ապա նկատեց. «Դրա համար դիմում է 2008 թվականի նախընտրական բառապաշարին, որը պատիվ չի բերում որևէ քաղաքական գործչի: Եվ եթե նա, իր ձևակերպումներով ասեմ, խոսում է խղճուկ, ողորմելի բառապաշարով, դա քաղաքական լեքսիկոն չէ: Խղճուկ և ողորմելի կարգավիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ շատ են ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, բայց գիտակցելով, որ յոթ-տասը տոկոսից ավելի չեն հավաքելու, վախենում և չեն մասնակցում:

Խղճուկ և ողորմելի վիճակում կարող են հայտնվել նրանք, ովքեր նույնիսկ քաջություն չեն ունենում պաշտպանել սեփական խմբակցության ներկայացուցչին: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է: Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր որ ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել և իրականացնել քաղաքական պրոցեսներ: Խղճուկ և ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր, ի վերջո, ուրախանում են Յութուբում վաթսուն հազար դիտումից: Կարգին Հայկոյի դիտումները, կրկնում եմ, շատ ավելի շատ են: Կարծում եմ` առաջին նախագահն իր բառապաշարը պետք է փոխի»:

Ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը», ապա Է. Շարմազանովն ասաց, թե իշխանությունները մշտապես հաշվետու են ժողովրդի առաջ, և իշխանությունների հաշվետվության ժամանակը համապետական ընտրություններն են:

Ի դեպ, Տեր-Պետրոսյանը համոզմունք հայտնեց նաև, որ իրենք երբեք ինքնանպատակ հանրահավաքներ չեն անցկացրել, ապա նշեց. «Հանրահավաքներ մենք արել ենք կամ որևէ գործընթաց սկսելու, կամ այդ գործընթացը կենդանի պահելու նպատակով: Եթե այդ գործընթացը չսկսվեր, ապա մեր այդ հանրահավաքը սոսկ դատարկ կրակոց կլիներ ու, արդյունք չտալով, ավելի կխորացներ ժողովրդի հուսահատությունը։ Այնուամենայնիվ, ես վստահ եմ, նկատի ունենալով զարգացումները, հասարակական շարժումները, ցույցերը, բողոքները, որ շուտով գալու է իշխանության հաշիվ տալու ժամանակը»:

Տեսանյութեր

Լրահոս