Լուլու. Արդեն բավական է, սա երևի համբերության բաժակի վերջին կաթիլն էր, որը լցվել է (տեսանյութ)

Հայաստանի և Ռուսաստանի  կառավարությունների միջև կնքված համաձայնագրերի մի շարք կետեր մտահոգիչ են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ով մասնակցում էր Ազգային Ժողովի շենքի դիմաց անցկացվող ակցիային:

«Չգիտեմ ՝ իրենք իրար մեջ ինչ պարտավորություններ ունեն, բայց որ դրա կրողը մենք ենք, այսինքն՝ հասարակ ժողովուրդը, և մենք իրենց ցանկացած քմահաճույքի համար պարտավոր ենք աշխատել մեր հալալ քրտինքով, այնպես անել, որ իրենք լավ ապրեն, ու հիմա 30 տարով էլի պարտավորություններ, որոնք գուցե շատերս չենք հասկանում, բայց շատ լուրջ կախվածության մեջ են գցելու Ռուսաստանի Դաշնությունից պետությունը»,- ասաց հաղորդավարուհին: Նա միևնույն ժամանակ նշեց, որ իր կարծիքով՝ իր նման շատերը եկել են ոչ միայն գազային պայմանագրի դեմ իրենց բողոքն արտահայտելու:

«Սա էլ է հատուկ շատ խորամանկ քայլ: Այսօր մենք դեմ ենք կենսաթոշակայինին, վաղը դեմ ենք՝ չգիտեմ «Գազպրոմին», մյուս օրը՝ այսինչ պայմանագրին: Իրականում այս դրվագված պայքարը շատ սխալ է: Մենք վաղուց պիտի հասկանանք, որ պետք է ընդհանուր համակարգի դեմ պայքարենք: Վստահ եմ, որ այստեղ եկած մարդկանց մեծամասնությանը պարզապես առիթ էր պետք իրենց բողոքի ձայնը բարձրացնելու: Եվ, ի վերջո, մի քիչ պարադոքսալ է: Իրեն չարդարացրած կառավարությունը բարեփոխումներ անելու բարոյական իրավունք ուղղակի չունի: Այսինքն՝ թող եղած վիճակը մի քիչ կարգի բերեն, դրանից հետո անցնեն բարեփոխումների:

Ոչ ոք չունի վստահություն: Ցանկացած բարեփոխում, մենք հասկանում ենք, որ ոչ թե մեզ համար է, այլ դա հերթական անգամ իրենց գրպանի պարունակությունը մի քիչ էլ ավելացնելու համար: Արդեն բավական է: Սա երևի համբերության բաժակի վերջին կաթիլն էր, որը լցվել է, ու բոլորս եկել ենք որպես քաղաքացի՝ այստեղ պայքարելու մեր իրավունքների համար, ու «Ազատ, անկախ Հայաստանը» լավագույն վանկարկումն է այսօր հենց այս պայմանագրի դեմ ուղղված»,- Լուսինե Բադալյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս