Երեմ Սարգսյան. «Հարսնաքարի» գործով ընդունված որոշումները պայմանավորված են հասարակական տրամադրություններով

«Հարսնաքարի» գործով ամաբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատարանին խնդրեց վերաորակել Ն. Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը: Նա նշեց, որ եթե դատարանը հաստատված կհամարի, որ հենց Նորայր Հայրապետյանի հարվածների հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով է վրա հասել Վահե Ավետյանի մահը, ապա նրան պետք է մեղավոր ճանաչել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ  և ծեծի մեջ:

Հիշեցնենք, որ Նորայր Հայրապետյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ ինքն է հարվածել Վահե Ավետյանին: Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Երեմ Սարգսյանը հանդես եկավ ճառով:

Նա նշեց, որ Նորայր Հայրապետյանը միակ ամբաստանյալն է, ով անմիջապես հայտնել է այն մասին, որ դեպքի օրն ապտակել է տուժող Գարիկ Սողոմոնյանին: Հարվածելու պատճառն էլ միայն այն է եղել, որ Գ. Սողոմոնյանը հայհոյել է Նորայր Հայրապետյանին:

Հետագայում դատաքննության ընթացքում իր տված լրացուցիչ ցուցմուքնով Նորայր Հայրապետյանը հայատարարեց, որ ինքն է ծեծել Վահե Ավետյանին: Այսօր դատարանում Երեմ Սարգսյանն ասաց, որ Նորայր Հայրապետյանը Վահե Ավետյանի հարվածելու նախնական դիտավորություն չի ունեցել.

Կարդացեք նաև

«Այդ դիտավորությունը նրա մոտ հանկարծակի առաջացել է հենց Վահե Ավետյանի հետ ունեցած անհաջող շփումից անմիջապես հետո, երբ փոխադարձ հարվածել են միմյանց»,- ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանն ասաց, որ երբ առաջին անգամ հայտարարվել էր դատաքննության ավարտի մասին, Նորայր Հայրապետյանը ձեռք բերված ապացույցներով կարող էր պատասխանատվության ենթարկվել միայն ծեծի համար. ընդ որում՝ այդ արարքի համար ազատազրկում չի նախատեսվում.

«Բայց անգամ այս պայմաններում Նորայր Հայրապետյանը միջնորդեց, որ դատաքննությունը վերսկսվի և ցուցմունք տվեց, որ հենց ինքն է հարվածներ հասցրել Վահե Ավետյանին: Դրանից հետո ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը հայտնեց, որ ինքն էլ Արտակ Բայադյանին է հարվածներ հասցրել, իսկ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը հայտնեց, որ հարվածներ է հասցրել Գարիկ Սողոմոնյանին»:

Պաշտպանի խոսքով՝ ամբաստանյալների լրացուցիչ ցուցմունքներ տալուց հետո շրջանառվեց այն տեսակետը, թե ամբաստանյալները ցուցմունք են տվել, որպեսզի համաներումը կիրառելի դառնա նրանց նկատամամբ:

Սակայն փաստաբանի խոսքով՝ եթե դատարանը հաստատված համարի, որ Վահե Ավետյանը մահացել է հենց Նորայր Հայրապետյանի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներից, ապա Ն. Հայրապետյանի նկատմամբ համաներման կիրառման որևէ նոր հնարավորություն չի ստեղծվի և ըստ էության, համաներումը նրա նկատմամբ կիրառման ենթակա չի լինի:

«Մինչև Նորայր Հայրապետյանի այս ցուցմունքներն անարժանահավատ գնահատելը, յուրաքանչյուրս փորձենք մտածել, թե մեզանից ով ինքնակամ կխոստովանի 5-10 տարի ժամկետով ազատազրկմամբ սպառնացող հանցագործության կատարում: Մի՞թե սա կատարածի համար անկեղծորեն զղջալու տիպիկ օրինակ չէ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ «Հարսնաքարի» գործով ընդունված որոշումները պայմանավորված են հասարակական տրամադրություններով: Նա նշեց, որ Հայաստանում այսօր հասարակության շրջանում անվստահություն կա ոստիկանության և դատական համակարգի նկատմամբ:

«Դա է պատճառը, որ գրեթե ամեն օր լսում, կարդում կամ տեղեկանում ենք այնպիսի լուրերի մասին, որոնք վերաբերում են հենց արդարության պահանջներին: Ընդհանրապես այսօր ձևավորվել է մի իրավիճակ, երբ իրավապահ համակարգի, դատարանների հետ առնչվող անձինք, իրավապաշտպան կառույցները, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները և հենց շարքային քաղաքացիները պահանջում են, որպեսզի ցանկացած իրադրությունում պետական մարմինները գործեն օրենքին խիստ համապատասխան, որպեսզի իրոք ձևավորվի իրավական պետություն:

Այս համատեքստում հատկապես բազմաթիվ են այն բողոքները, որ անձինք դատապարտվում են առանց մեղսագրվող հանցագործությունների կատարման մեջ նրանց մեղքը հիմնավորող բավարար ապացույցների համակցության, այլ` դատապարտվում են ընդամենը որոշ պաշտոնատար կամ այլ անձանց կամայական ցանկություններից կամ մասնավոր շահերից ելնելով, ինչպես նաև նույն ցանկություններից և շահերից ելնելով, օրենքի խախտմամբ, ենթարկվում են անհամեմատ խիստ պատիժների:

Բայց, արի ու տես, որ սույն քրեական գործի պարագայում, նույն իրավապաշտպան կառույցները, կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները և որոշ լրատվամիջոցներ բացարձակապես այլ տրամաբանությամբ գործեցին և գործում են առայսօր:

Իրավական պետության կազմավորման գործում իրոք էական ներդրում ունեցող, արդարության և օրինականության համար գրեթե ամեն օր պայքարող այս կառույցներին ու մասնավոր անձանց սույն քրեական գործով հանկարծ սկսեց չհետաքրքրել արդարությունը ու օրենքների ճշտգրիտ պահպանումը և բոլորի միահամուռ պահանջը եղավ, որպեսզի սույն քրեական գործով օրենքի խախտմամբ ձերբակալված և որպես մեղադրյալ ներգրավված բոլոր անձինք միանշանակ դատապարտվեն առանձնապես ծանր հանցագործության կատարման համար և ենթարկվեն այդ հանցագործության կատարման համար նախատեսված առավելագույն պատժի»,- ասաց պաշտպանը:

Նա նշեց, որ տպավորություն է, որ որ մեծամասնությանը չէր հետաքրքրում և մինչ օրս էլ չի հետաքրքրում, թե գործով 6 ամբաստանյալներն էլ մեղավո՞ր են արդյոք կատարված հանցագործության մեջ, թե՞ ոչ.

«Եթե մեղավոր են, ապա իրականում ի՞նչ իրավական որակման է ենթակա նրանց կատարած հանցագործությունը: Փոխարենը ձևավորվել է պահանջ` անխտիր դատապարտել բոլոր ամբաստանյալներին և հնարավորինս խիստ պատժի, իսկ հակառակի պարագայում բացարձակապես ընդունելի չէ որևէ տեսակի իրավական պատճառաբանություն»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ իր պաշտպանյալ Նորայր Հայրապետյանի նկատմամբ թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ: Այսպես. նրա խոսքով՝ Ն. Հայրապետյանը «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքից 4 օր հետո ներկայացել է ոստիկանություն: պաշտպանի խոսքով՝ մինչ այդ նրա մասին քրեական գործում որևէ տվյալ չի եղել:

Նախաքննական մարմինը որոշում է կայացրել Նորայր Հայրապետյանին ձերբակալելու մասին այն դեպքում, երբ անձին ձերբակալելու համար պետք է լինի հիմնավոր կասկած, որ նա կապված է կատարված հանցագործությանը: Ըստ Երեմ Սարգսյանի՝ հետագայում Ն. Հայրապետյանը կալանավորվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել

Փաստաբանի խոսքով՝ այդ ամենն արվել է հասարակական պահանջը բավարարելու, վրդովմունքը մեղմելու նպատակով:

Նա ամբաստանյալ Նորայր Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը որակեց վերացական՝ նշելով, որ դատաքննության սկզբնական փուլում և ամբողջ դատաքննության ընթացքում նրան այդպես էլ չի պարզաբանվել. դա հանգեցրել է Ն. Հայրապետյանի` արդար դատաքննության իրավունքի խախտման. հենց դատաքննության սկզբնական փուլից նա, ըստ պաշտպանի, զրկվել է իր պաշտպանությունն արդյունավետ նախապատրաստելու հնարավորությունից:

Երեմ Սարգսյանը դատարանում նաև ասաց, որ Նորայր Հայրապետյանը տուժողներին ծեծի ենթարկելու մտադրություն չի ունեցել, ինչպես ասված է մեղադրանքում.  «Առավել քան հասկանալի է, որ եթե անգամ իրոք Վահե Ավետյանի` ավտոկայանատեղի հասնելուց անմիջապես հետո ծեծկռտուք է սկսվել, ապա դա ընդամենը զուգադիպություն է և դա ո՛չ այդտեղ գտնվող 15-20 հոգին, ո՛չ էլ նրանցից որևէ մեկը կամ մի քանիսը չէին կարող պլանավորել, հետևաբար՝ խոսք անգամ չի կարող լինել տուժողներին ավտոկայանատեղի տեղափոխելու և այնտեղ բոլորին միասին ծեծի ենթարկելու վերաբերյալ նախնական համաձայնության կամ ընդհանուր դիտավորության մասին»:

Երեմ Սարգսյանն իր ճառում ասաց, որ գործով տուժողները չկարողացան առանձնացնել, թե դեպքի օրն ով ում է հարվածել: Նա մեջբերեց տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքն այն մասին, որ բոլորը շարժման մեջ էին, իսկ թե ով ում է հարվածել՝ չի կարող ասել: «Որևէ ողջամիտ ապացույցով չկարողանալով հիմնավորել, որ ավտոկայանատեղիում գտնվող բոլոր անձինք, այդ թվում` բոլոր 6 ամբաստանյալները մասնակցել են ծեծկռտուքին և հարվածել են տուժողներին, հարգելի մեղադրողը նույնպես փորձեց որպես դրա հիմնավորում հրամցնել տուժողների նշած «շարժում» արտահայտությունը»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով Էռնեստ Հեմինգուեյի խոսքերը՝ «Երբեք չշփոթեք շարժումը գործողության հետ»:

«Բոլորիս համար էլ պարզ և հասկանալի է, որ ամեն շարժում չէ, որ գործողություն է, շարժման մեջ գտնվելը երբեք չի կարող նշանակել, որ շարժվողը կամ շարժվողները միանշանակ մասնակցել են ծեծկռտուքին, ավելին` որ միանշանակ հարվածել են տուժողներին: Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ շարժման ընթացքում հենց գործողություններ են կատարել, ապա նրանք կարող էին բազմաթիվ այլ գործողություններ կատարել, այդ թվում` փորձել խոչընդոտել այդ ծեծկռտուքին, ինչպես նշում էր հարգելի մեղադրողը: Եթե որևէ մեկը չի տեսել, թե այդ շարժման մեջ գտնվողները կոնկրետ ինչ են արել, ինչպե՞ս կարելի է հաստատապես պնդել, որ նրանք բոլորն էլ հարվածել են և նրանցից ոչ մեկը գոնե հանդարտացնողի դերում չի եղել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Նշենք, որ դատական նիստի ընթացքում ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը: Ի դեպ, նիստին ներկա չին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս