Բաժիններ՝

Աշտարակում կույրերն արտադրելու են էլեկտրական եղանիկներ

Խորհրդային Միության փլուզումից հետո Աշտարակում գործող Հայաստանի Կույրերի միավորման կոմբինատն ընդամենը մի քանի հատուկենտ պատվերներ է կատարել, սակայն ավելի քան 10 տարի այս գործարանը պարապուրդի էր մատնվել: Նոր տարում, սակայն, գործարանը կվերսկսի աշխատանքները:

Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան` նշելով, որ նշյալ գործարանում կաշխատեն տեսողության խնդիրներ ունեցող թվով մոտ 15 մարդիկ, մասնավորապես` կույրեր: «Նրանք կարտադրեն էլեկտրական եղանիկներ (ՉՌսՍՈ), որոնք վաճառվելու են ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանից դուրս»,-  ասաց Ջ. Սարգիզովան` նշելով, որ համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրել են, իսկ գործարանն իր աշխատանքը կսկսի հունվարի 10-ից:

Նշենք, որ այս գործարանի վերագործարկումը հնարավոր է դառնալու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում:

Այս ծրագրի շրջանակներում, ըստ մեր զրուցակցի, դեռևս 15 մարդ է աշխատանքով ապահովվելու, սակայն, երբ նշյալ կառույցը` Կույրերի միավորման կոմբինատը, անցնի ինքնաֆինանսավորման, տեսողության խնդիրներ ունեցող ավելի շատ թվով հաշմանդամներ ևս կհրավիրվեն աշխատանքի:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է գործարանի աշխատակիցների վերապատրաստմանը, ապա Ջ. Սարգիզովան ասաց. «Վերապատրաստման կարիք ընդհանրապես չկա, որովհետև միգրացիա Աշտարակից ընդհանրապես չի եղել, այդ բոլոր մարդիկ, ովքեր Խորհրդային տարիներին ինչպես աշխատել են, այդպես էլ շարունակելու են աշխատել մի գործարանում, որը գտնվում է հենց իրենց ավանում»,- ասաց նա (խոսքը` կույրերի ավանի մասին է, որտեղ բնակվում են տեսողության խնդիրներ ունեցող բազմաթիվ մարդիկ):

Այսպիսով, ըստ մեր զրուցակցի` իրենց կողմից տրված 14 մլն դրամի ներդրումը հնարավորություն կտա վերազինել այդ ձեռնարկությունը և գնել անհրաժեշտ հումքը` էլեկտրական եղանիկներ պատրաստելու համար, իսկ մնացած ներդրումը կկատարի հենց Կույրերի միավորումը:

«Մենք աշխատողների աշխատավարձեր չենք տալիս և ոչ մի կառույցի, աշխատավարձերը գործատուն է տալիս: Այսինքն` մենք սարքավորումներ ենք գնում, հումք կարող ենք գնել և այլն, բայց գործատուն ինքն է կրում այդ աշխատավարձերը տալու պատասխանատվությունը, ինչն, իհարկե, շատ կարևոր է»,- ասաց Ջ. Սարգիզովան:

Նշենք, որ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագիրն իրականացվում է 2012 թվականից, այս ընթացքում ծրագրի շնորհիվ աշխատանքի են ընդունվել տարբեր հաշմանդամություն ունեցող շուրջ 200 մարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս