Բաժիններ՝

Մարդու իրավունքներն ընդդեմ ազգային իրավունքների և առաջնահերթությունների ճշտման հարցը

Մարդու իրավունքների ևրոպական դատարանի վճիռը, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը չի կարելի քրեական արարք համարել, իբրև բացատրություն հիմնվում է ազատ կարծիքի սկզբունքի վրա: Սակայն ածանցյալ հիմնավորում կա Մարդու իրավունքների ևրոպական դատարանի վճռում: Պարզ ձևով ասվում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման առումով միատեսակ կարծիք չկա: Ճիշտ այստեղ է, որ մարդու իրավունքի ևրոպական կառույցը մատնում է ինքն իրեն: Հարցը համեմատվում է հրեական Ողջակիզման (Հոլոքոստ) հետ:

Հիմա փորձենք համեմատել ազատ կարծիքի իրավունքը և միջազգային համախոհությունը: Եթե մարդու կարծիքի ազատությունը բացարձակ և անքննարկելի սկզբունք է, ապա այդ դեպքում միջազգային համաձայնությունը տվյալ երևույթի  նկատմամբ ինչպե՞ս կարող է արգելել այդ կարծիքի հրապարակումը: Փաստորեն արգելված է ժխտել հրեական Ողջակիզումը: Իսկ նման դիրքորոշում, մարդու կարծիքի արտահայտության դեմ դրված ճնշամիջոց չէ՞:

Առանց խորանալու այլ հիմնավորումների բացատրության մեջ, միայն այս անհամատեղելիությունը պարզում է խնդրին մոտենալու զուտ քաղաքական մղումը: Որովհետև, բողոքառուն Մարդու իրավունքների ևրոպական դատարանն է և ոչ թե միջազգային դատարանը: Իսկ ևրոպական դատարանը Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ գոյացած համախոհությունը դատելու համար պիտի հիմնվեր ևրոպական խորհրդարանի որդեգրած կեցվածքների, դիրքորոշումների և բանաձևերի վրա և ոչ թե միջազգային ընտանիքի ընդհանրապես: Տարբեր հարց, որ մասնակիորեն այս ձևով ևրոպական կառույցը իր դիրքորոշումով հակասում է ևրոպական պետության որդեգրած օրենքին: Բայց իրավաբանական մեկնաբանությունների ծալքերի ոլորապտույտից հեռու մնալու համար կենտրոնանանք հարցի քաղաքական մոտեցումների վրա:

Հիշենք, որ նույն Ֆրանսիան իր Ազգային ժողովի մեկ հաստատությունից մյուսը և` փոխադարձաբար, հարցը քաղաքական շրջագայությունների մեջ դնելուց հետո, չհաստատեց օրինագծի սահմանադրականությունը` ինքնահակասական  ակներև  երևույթ  պարզելով դիպաշարին հետևողների առջև: Նույն Ֆրանսիայի համար քրեականացված է հրեաների Ողջակիզումը, մինչ սահմանադրական չի նկատվում Հայոց ցեղասպանության ուրացումը պատժելի նկատելը: Իսկ այստեղ միջազգային համախոհության և համաձայնության հղում կատարելու խնդիր չկա, որովհետև խոսում ենք մի երկրի մասին, որ պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանությունները: Իսկ այսօր Մարդու իրավունքների ևրոպական դատարանը շատ հանգիստ հղում է կատարում Ֆրանսիայի Սահմանադրական դատարանին:

ևրոպական ինքնահակասական դրսևորումները` իրենց հերթին: Հայկական կողմը  անհրաժեշտության առջև է վերանայելու իր մարտավարությունը այս հարցի ուղղությամբ: Կարծիքի կամ արտահայտվելու ազատությունը ընդհանրապես քաղաքակիրթ երկրների համար օրինաչափ է, որ գերարժևորման ենթարկվի: Այստեղ մեր խնդիրը զուտ հայեցողական առումով արդեն իսկ որոշ խոչընդոտների  է հանդիպում, մանավանդ երբ նկատի ենք ունենում, որ ժխտողականության քրեականացման աշխատանքն առավելաբար կենտրոնացել է ևրոպական միջավայրերի վրա: Այս բոլորի վրա ավելանում են նաև հրեական խմբավորումների կողմից անուղղակիորեն ստեղծվող արգելակումները` Ողջակիզման դեպքի եզակիությունը պահպանելու համար:

Այս և նմանատիպ հանգամանքների բերումով, արդյունքում ստացվում է այն, որ Ֆրանսիայում կամ Շվեյցարիայում մեր առավելները վերածվում են նվազների: Այն երկրները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այժմ մերժում են այն ժխտելու քրեականացումը կամ էլ ենթարկվում են քրեականացման իրենց որոշումների բեկանումներին:

Ճանաչումից հատուցում աշխատանքային անցման մեջ գտնվող հայկական կողմը բոլոր պատճառներն ունի այսօր իր մարդուժն ու տնտեսական ուժը ըստ առաջնահերթությունների կենտրոնացնելու: Իսկ այդ առաջնահերթությունները առավելաբար վերաբերում են Հայաստանի Հանրապետության ժամանակակից խնդիրներին: Ապաշրջափակման պահանջը, Անկարայի նախապայմանային քաղաքականության մերժումը, արցախյան հակամարտության մեջ թուրքական միջնորդության նկրտումների անընդունելիությունը առաջադրանքներ են, որոնք  Թուրքիայի վարքագիծը հակադրում են միջազգային նորմերին և այդ առումով  կարող են որոշակի առավելություններ ապահովել հայկական կողմին:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս