Երեք նախագահները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն. Պետրոս Մակեյանի նախապայմանը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծած Քաղաքացիական պայմանագրին կսատարի, եթե նրանք ընդունեն մեկ նախապայման՝ ՀՀ երեք նախագահներին պետք է պարտադրել հեռանալ քաղաքականությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետրոս Մակեյանը:

168.am-ի հարցին, թե Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանն ի զորո՞ւ են պարտադրել նախագահներին դուրս գալ քաղաքականությունից, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Միայնակ որևէ քաղաքական ուժ չի կարող պարտադրել: Ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերն էլ իրար հետ չեն կարող պարտադրել, եթե ժողովրդի աջակցությունը չլինի: Հասարակությանը պետք է ասել, հասցնել այն միտքը, որ այլևս երեք նախագահները անելիք չունեն, իսկ առանձին, մենակ անել նման բան՝ բարդ է»: Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի Սասուն Միքայելյանի հետ երկար ճանապարհ է անցել՝ նշելով. «Սասունի, Նիկոլի հետ մենք երկար ճանապարհ ենք անցել: Ձևավորել ենք «Հայրենիք» պատգամավորական խումբը: Նիկոլի հետ 2006-ից սկսեցինք «Այլընտրանք» կազմակերպության ձևավորումը՝ ընկերների՝  Բաբկեն Արարքցյանի և այլոց հետ: 2008-ից մեզ միացել է նաև Սասուն Միքայելյանը:

Ես իրենց գործունությանը ծանոթ եմ, մեր կուսակցությունը եղել է պայքարի առաջին գծում՝ անկախ նրանից՝ ով է եղել լիդերը, և մենք մասնակցել ենք, աջակցել ենք՝ լինի դա Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը… Բայց հիմա մենք պետք է նախապայմաններ թելադրենք, և եթե դրանք կընդունեն, եթե նրանց քաղաքական կառույցը ձևավորվեց, մենք կհամագործակցենք, և կարծում եմ խնդիր չի լինի: Երեք նախագահները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն՝ սա առաջին նախապայմաններից է»:

Մեր հարցին, թե ինչո՞ւ Ձեր կուսակցությունը չմասնակցեց դեկտեմբերի 10-ի երթին, Պ. Մակեյանը պատասխանեց, թե կան տարբեր պատճառներ: «Կոնգրեսը իր ավանդույթը պահեց… Քաղաքական այն մարդիկ, որոնք կան ՀԱԿԿ-ի մեջ, մի մասի հետ գոնե ընկեր ենք եղել, հիմա էլ ընկերություն անում ենք, պետք է թույլ տանք քաղաքական ուժերին պրոցեսը տանել»: Ճշտող հարցին՝ չմասնակցեցին ՀԱԿ երթին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է նախագահը, Մակեյանը բացասական պատասխան տվեց. «Իհարկե, ոչ: Կան շատ քիչ քանակի մարդիկ՝ ներքևի շարքերում, նորմալ մարդիկ, ովքեր տարբեր տարիներին մեզ հետ մասնակցել են տարբեր գործընթացներին: Բայց ՀԱԿԿ քաղաքական էլիտայում կան մարդիկ, որոնք ինձ համար անընդունելի են՝ և իրենց պահվածքով, և բարոյական կերպարով ու քիչ են տարբերվում իշխանությունից: Իմաստ էլ չկա այդ չկայացած մարդկանց անունները տալ»:

Կարդացեք նաև

Շեշտելով, որ ՀՀ երեք նախագահներին պետք է պարտադրել դուրս գալ քաղաքականությունից՝ նա միաժանանակ համոզմունք հայտնեց, որ կամավոր նրանք չեն հեռանա: Ըստ նրա՝ երեք նախագահների՝ հատկապես Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մեջ վախ կա:

«Եթե չվախենային, օրինակ, գազի գինը գաղտնի չէին թանկացնի: Կամավոր նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հեռանա, որովհետև եթե չմասնակցեց ընտրություններին, բայց դարձավ կուսակցության ղեկավար»: Հարցին, թե ո՞վ պետք է պարտադրի նախագահներին հեռանալ քաղաքականությունից, Պ. Մակեյանը պատասխանեց. «Գոնե դուք կարող եք տարանջատել պսևդո ընդդիմությունը իրական ընդդիմությունից: Բայց մեր գործընկերը պետք է լինի ժողովուրդը: Մենք պետք է հիշենք, որ 2008-2011թթ. ընդդիմությունը օրակարգ էր պարտադրում իշխանություններին, իսկ գարնանը, երբ ընդդիմությունը թույլ տվեց մի քանի սխալներ, թուլացավ, քանդվեց, բաժան-բաժան եղան, ու հիմա բնականաբար իշխանության ձեռքերը ազատվեցին: Բայց սա ժամանակավոր է»:

Տեսանյութեր

Լրահոս