Հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործը կարճվել է
Քաղաքացի Խ. Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Մկրտիչ Գաբրիելյանը քրեական գործով վարույթը կարճելու համար մեղադրյալների ծնողներից պահանջել է առանձնապես խոշոր չափերի կաշառք:
Խ. Հարությունյանը նշել էր նաև, որ նույն գործով դատախազ Արմենուհի Հովհաննիսյանն ամբաստանյալների ծնողներից պահանջել և ստացել է խոշոր չափերի կաշառք:
Քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով 2013թ. հոկտեմբերի 25-ին հարուցվել էր քրեական գործ:
Նախաքննությամբ հնարավոր չի եղել ձեռք բերել 2007 թվականին քրեական գործի վարույթը կարճելու համար քննիչ Մ.Գաբրիելյանի կողմից կաշառք պահանջելու և դատարանում սնանկության հարցը լուծելու, դատախազ Ա.Հովհաննիսյանի կողմից կաշառք պահանջելու հանգամանքները հիմնավորող ապացույցներ:
Սույն քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն