
Զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը կվերսկսվի

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի դատաքննությունը կվերսկսվի: Այսպիսի որոշում է կայացրել քրեական գործը քննող Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանը:
Նախորդ դատական նիստերի ընթացքում գործով երկու ամբաստանյալներ Մինաս Մկրտչյանն ու Միքայել Միքայելյանը դիմում էին ներկայացրել դատարանին և խնդրել համաներում կիրառել իրենց նկատմամբ և կարճել քրեական գործը: Դատավորը պետք է որոշում կայացներ համաներման մասին որոշումը կիրառելու կամ չկիրառելու մասին, բայց նրա որոշմամբ գործի դատաքննությունը կվերսկսկվի:
Այսօրվա դատական նիստի ընթացքում դատավոր Վ.Գրիգորյանն ասաց, որ համաներում կիրառելու մասին դատավարության մասնակիցների դիմումների քննարկմանը չեն մասնակցել տուժողի իրավահաջորդ Հայկ Խաչատրյանի հայրը և նրա ներկայացուցիչը: Դատավորը նշեց, նոր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության մասնակիցներն իրենց դիրքորոշումները պաշտպանելու հավասար հնարավորություն ունեն: Դատավորը նշեց, որ երկու անգամ տուժողի իրավահաջորդն ու նրա ներկայացուցիչը լքել են դատական նիստերի դահլիճը, ինչի արդյունքում դատարանը չի լսել նրանց կարծիքը՝ համաներում կիրառելու մասին:
Ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի պաշտպան Լևոն Պողոսյանն էլ հայտարարեց, որ հնարավոր է բողոքարկի դատարանի որոշումը: Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2014թ. հունվարի 15-ին: