Եվրոպական «Մագնիտսկու ցուցակը» կարող է հայտնվել 2014 թվականին
BBC-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն ընդունել է մի բանաձև, որում աջակցել է ռուս մի շարք չինովնիկներից բաղկացած ցուցակի կազմմանը, որոնց մուտքն արգելվելու է ԵՄ: Այս մասին հայտնել է Hermitage Capital հիմնադրամը:
Բանաձևը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի պատգամավորների մեծ մասի կողմից: Փաստաթղթի համաձայն, Hermitage Capital աուդիտոր Սերգեյ Մագնիտսկու սպանությանը մասնակից չինովնիկների հանդեպ ԵՄ-ի տարածքում գործելու են հասցեագրված պատժամիջոցներ:
Հիմնադրամի գլխավոր տնօրեն Ուիլյամ Բրաուդերը հայտարարել է, որ եթե ԵՄ-ի Խորհուրդը կատարի պատգամավորների կամքը, ապա եվրոպական «Մագնիտսկու ցուցակը» կարող է հայտնվել արդեն հաջորդ տարի: Բրաուդերը հավելել է, որ այդ դեպքում իրենք կտեսնեն, որ նրանք, ովքեր կտտանքների են ենթարկել Սերգեյին, չեն կարողանա ճամփորդել Եվրոպայում և այնտեղ ծախսել արյամբ թաթախված իրենց փողերը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մագնիստկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը: Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը:



