Բաժիններ՝

Եվս 8 դեղագործական ընկերություն հավակնում է GMP հավաստագիր ստանալ

Հայաստանի դեղագործական ընկերություններից 8-ը հավակնում են մոտ ապագայում ստանալ պետական որակի ՊԱԳ (պատշաճ արտադրական գործունեություն, GMP) համապատասխանության հավաստագիր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Նա դրական գնահատեց, որ առաջին GMP հավաստագիրն արդեն տրված է հայկական ընկերություններից մեկին՝ «Լիկվորին», և նշեց, որ «հերթում» հաջորդը «Արփիմեդն» է, որն այսօր դիմել է Առողջապահություն նախարարություն՝ ընկերությունում ստուգման գործընթաց սկսելու նպատակով, ապա, հավանաբար, հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին, հավաստագիր ստանալու համար հայտ կներկայացնի «Ֆարմատեքը»:

Հարցին՝ արդյոք Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելն ինչ-որ կերպ կարո՞ղ է սահմանափակել դեղարտադրության ոլորտի արտահանման ուղղությունները, Ս.Զաքարյանը պատասխանեց, որ ՄՄ-ին անդամակցել դեռ չի նշանակում, որ դեղերի արտահանման համար սահմանափակումներ կլինեն դեպի Եվրոպա կամ այլ ուղղություններով, հակառակը՝ դեղերի արտահանումը կավելանա, և դրան կնպաստի մաքսազերծման 20%-ի զրոյացումը. «Եթե արտադրողները ՄՄ-ից հումք բերեն, դրա համար տուրք չի վճարվելու: Բայց կա նաև հակառակ կողմը՝ ռուսական կազմակերպությունները կարող են մտնել շուկա: Ներմուծումների տեսանկյունից պայմանները երկկողմանի խստանում են՝ թե´ ներմուծող ընկերությունների և թե´ արտահանող ընկերությունների համար»:

Ըստ Ս.Զաքարյանի՝ խնդիրն այն է, թե որքանով հայկական արտադրության դեղորայքը մրցունակ կլինի եվրոպական շուկայում: Ամեն դեպքում, միության նախագահի գնահատականով, հայկական դեղարտադրողների համար առաջին թիրախը Եմ շուկան գրավելը չէ, այլ այն, թե ինչպես պահպանեն եղած շուկաները և ետ բերեն նախկինում եղածները, օրինակ՝ Ուկրաինան, որ 2014 թ. հունվարից ներմուծողներից պահանջելու է GMP հավաստագրեր:

Նշենք, որ ՊԱԳ-ը բարձր տեխնոլոգիական հագեցվածություն ունեցող համակարգ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում և կանոնակարգում է դեղագործական արտադրական գործընթացը: Հավաստագիրը վկայում է դեղերի բարձր որակի մասին և անհրաժեշտ է արտադրանքի արտահանման գործընթացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս