Բաժիններ՝

«Էստի համեցեք»

ՀՀ կառավարությունը շարունակում է իր ջանքերը՝ օդային փոխադրումների «ազատականացմանն» ու Բաց երկնքի քաղաքականության ներդրմանն ուղղված միջոցառումներն ապահովելու ուղղությամբ: Այդ նպատակով մշակվել է հերթական ծրագիրը՝ Հայաստանում մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը: ՀՀ կառավարության առաջիկա նիստում այն կդրվի քննարկման:

Այդ ծրագրի շրջանակներում, ըստ կառավարության մասնագետների, գնահատվել են բազմաթիվ նախագծային տարբերակներ, ներառյալ ազգային փոխադրողի ստեղծումը կառավարության օժանդակությամբ և առանց կառավարության օժանդակության, Բաց երկնքի քաղաքականությունները, ինչպես նաև «կառավարելի» Բաց երկինքը, որը կպաշտպանի ազգային փոխադրողին: «Բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա»,- կարծում են պաշտոնյաները:

Նշված քաղաքականության ներդրման արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել օդային հաղորդակցության ոլորտում ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների մի շարք կառավարությունների միջև կնքված միջազգային պայմանագրերը՝ համաձայնագրերը: Ներկայումս ՀՀ կառավարության և օտարերկրյա պետությունների մի շարք կառավարությունների միջև  ստորագրված են օդային հաղորդակցության մասին միջկառավարական համաձայնագրեր, որոնցով սահմանվում են հստակ ուղղություններ և առկա են սահմանափակումներ: Այս ծրագրով նախատեսվում է վերանայել այդ համաձայնագրերը, վերացնել սահմանափակումները, որը «դրական ազդեցություն կունենա տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղևորների քանակի աճի և ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա»:

Նկատենք միայն, որ Հայաստանն այսօրվա դրությամբ ունի 47 երկկողմանի միջկառավարական համաձայնագրեր, որոնցից 32-ը չեն գործում: Մասնագետների գնահատականով՝ հիմնավորված չեն այն հույսերը, որ ՀՀ օդային տարածքը բաց հայտարարելուց հետո կավելանա դեպի Հայաստան թռիչքներ կատարելու հետաքրքրությունն արտասահմանցի ավիափոխադրողների կողմից, իսկ ՀՀ օդային տարածքն առանց այդ էլ բավականին բաց է եղել բոլոր նրանց համար, ովքեր բարձր հետաքրքրություն ունեին դրա հանդեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս