
Վիեննայի ու Կիևի բանակցությունները ցույց տվեցին փակուղային իրավիճակից դուրս գալու կողմերի ցանկությունը. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին.
«Վիեննայում նախագահների և Կիևում արտգործնախարարների ոչ վաղ անցյալի բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերն իսկապես ցանկանում են դուրս գալ ներկայիս փակուղային իրավիճակից: Ինձ համար հաճելի էր, որ Կիևի վերջին հանդիպումը հնարավորություն տվեց նախարարներին քննարկել նուրբ և բարդ հարցեր՝ գտնելու համար առաջ ընթանալու ուղին:
Առաջիկա շաբաթներին բարձր մակարդակով նրանց հետագա փոխգործակցությունը կստեղծի իրական հնարավորություն՝ այդ հակամարտության խաղաղ կարգավորման համար, թեև պետք է ընդունել, որ առաջընթացը պահանջում է ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքի ցուցաբերում: Մենք հետագայում նույնպես աջակցելու ենք այդ բանակցություններին:
Մենք շատ շնորհակալ ենք վերջին մեկ տարում ԵԱՀԿ-ում նախագահող Ուկրաինային՝ մեզ աջակցելու համար և անհամբերությամբ սպասում ենք Շվեյցարիայի հետ մեր համատեղ աշխատանքին, որն այդ դերը խաղալու է 2014 թվականին:
ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ հակամարտության կարգավորման աջակցության ձևաչափ: Այնուամենայնիվ, Շվեյցարիան ունի հակամարտությունների կարգավորման պատմական փորձ, և նրա ակտիվ ներգրավվումը տարածաշրջանի խնդիրների կարգավորման մեջ կարելի է միայն ողջունել»: