PKK-ի զինյալները գերեվարել են չորս թուրք զինծառայողի
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները երեկ գերեվարել են չորս թուրք զինծառայողի: Միջադեպը գրանցվել է Դիարբեքիրի նահանգում:
Նշվում է, որ զինվորականները մասնավոր մեքենաներով վերադառնալիս են եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքի համար քննություն հանձնելուց հետո, երբ նրանց ճանապարհը փակել են զինված PKK-ականները: Նրանք ստուգել են զինվորականների փաստաթղթերը և նրանց տեղափոխել են անհայտ ուղղությամբ:
Թուրքիայի ժանդարմերիայի հատուկջոկատայինները լայնամասշտաբ գործողություն են սկսել գերեվարված զինծառայողներին հայտնաբերելու և ազատ արձակելու ուղղությամբ: Այդ գործողությունում ներգրավված են նաև օդային միջոցներ:
Բացի այդ, երեկ երեկոյան չորս անհայտ անձինք երկու ինքնաշեն պայթուցիկ սարք են նետել Դիարբեքիրում գտնվող իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շենքի վրա: Դրա հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն տուժել են շենքի ապակիները: Տարվում է հետաքննություն: