Բաժիններ՝

Տաթև Պետրոսյան. «Աստված տալիս է ամեն ինչ: Դու պետք է վերցնես»

Նկարչուհի Տաթև Պետրոսյանը հիմնականում սրբապատկերներ է նկարում և ասեղնագործում:  Նրա աշխատանքներին թեև քչերն են ծանոթ, սակայն դրանցից շատերը գտնվում են ԱՄՆ-ի Առաջնորդարանում, Ֆրանսիայի հայկական եկեղեցիներում, Մոսկվայի նորաբաց Սբ. Պայծառակերպություն եկեղեցում, Երուսաղեմում:

– Ո՞ր տարիքից ես սկսել նկարել, հիշո՞ւմ ես առաջին նկարդ:

– Նկարել սկսել եմ երեք տարեկանից: Առաջին նկարս եղել է ձի՝ ընթացքի մեջ: Եթե հիմա նույնիսկ փորձեմ էլ, չեմ կարող այդ ձիուց նկարել: Դպրոցական տարիքում, արդեն, ավելի հաճախ էի նկարում, ակտիվ էի նկարչության դասերին: Բայց հաճախում էի երաժշտական դպրոց, սովորում էի դաշնամուրի բաժնում, մտածում էի երաժիշտ դառնալու մասին: Իսկ ահա 10-րդ դասարանում որոշում կայացրեցի, որ պետք է ընդունվեմ և սովորեմ նկարչական ուղղությամբ: Այդ ժամանակ մի քանի ամսով հիվանդացա, չկարողացա պարապել Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար և ընդունվեցի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի նկարիչ-մոդելավորող բաժինը: Համալսարանն ավարտելուց հետո գնացել եմ տարբեր նկարչական դասերի: Հիմնականում ինքնուրույն եմ ստեղծագործում, ինձ վրա շատ եմ աշխատում:

Tatev-Petrosyan

– Ե՞րբ սկսեցիր նկարել սրբապատկերներ:

– Սրբանկարներ նկարում եմ 25 տարեկանից:  Սրբապատկերներին շատ լուրջ մոտեցում եմ ցուցաբերում՝ թե՛ աղոթքով, թե ծոմապահությամբ, դա աստվածային շնորհ է: Առաջին սրբապատկերս Աստվածամոր և մանուկ Հիսուսի սրբապատկերն է:

– Ունե՞ս նկար, որն առանձնահատուկ է քեզ համար և ունի հետաքրքիր պատմություն:

– Իմ բոլոր նկարները հիմնականում  ունեն հետաքրքիր պատմություն: Համբարձման պատկերն էի նկարում, ոչ ոք չգիտեր այդ մասին, քանի որ ես հիմնականում գիշերներն եմ ստեղծագործում: Նկարս կիսատ էի թողնում անընդհատ, մի օր էլ շրջեցի նկարը, որ ոչ ոք չտեսնի. Մտածեցի՝ հետո կավարտեմ: Մեկ էլ մի օր քույրս՝ Գոհարը, քնից արթնացավ ու ասաց. «Տաթև,  երազումս մի նկար էիր նկարել, ներքևում ժողովուրդ էր, իսկ վերևում կար մեկը, ով քեզ վրա բարկացած էր…»: Նկարը կիսատ էի թողել և չէի ուզում վերջացնել, ու ինձ թվում է՝ Քրիստոսն ինձ հասկացրեց, որ պետք է ավարտեմ այն, և ավարտեցի: Հիմա նկարի գույները մի կողմից՝  մի քիչ մուգ են, իսկ մյուս կողմից՝ որքան փորձում եմ մգացնել՝ չի ստացվում: Ունեմ նկար, որտեղ Աստվածածնին ցանկանում էի պատկերել Քրիստոսի հետ, Բայց ստացվեց միայն Մարիամ Աստվածածինը: Քրիստոսին նկարել ոչ մի կերպ չստացվեց:

Tatev-Petrosyan2

Tatev-Petrosyan3

– Կա՞ն նկարիչներ, ում գործերից ոգեշնչվում ես:

– Ինձ համար ոգեշնչման աղբյուր են Վերածննդի ժամանակաշրջանի գործերը: Իհարկե, ես իրենց ոճով չեմ նկարում, բայց շատ բան են տալիս ինձ: Ես չեմ էլ փորձում հասնել իրենց: Ինձ թվում է՝ ամեն դարաշրջան ունի իր հասունացման կետը, որին իրենք արդեն հասել են, ու եթե փորձես դու հասնել՝ չես կարողանա, իրենց հասնելու համար պետք է կատարյալ լինել: Մեր մանրանկարչության Կիլիկյան դպրոցը շատ մեծ ազդեցություն է թողնում ինձ վրա: Հայ նկարիչներից ինձ ոգեշնչում են Մինասը, Այվազովսկին, Սուրենյանցը և Հովնաթանյանները, ովքեր շատ աշխատանքներ են արել եկեղեցու համար:

Tatev-Petrosyan7

Tatev-Petrosyan6

Tatev-Petrosyan5

Tatev-Petrosyan4

– Ինչպե՞ս եղավ, որ նաև սկսեցիր ասեղնագործությամբ զբաղվել:

– Դա շատ պատահական ստացվեց: Հոգևորականներից մեկն առաջարկեց ասեղնագործել, ես ուսումնասիրեցի, փորձեցի, և ստացվեց: Պատրաստած սկիհի ծածկոցներ ունեմ ԱՄՆ-ի Առաջնորդարանում, Ֆրանսիայի եկեղեցիներում, Սոչիում… Մոսկվայի նորաբաց Սբ. Պայծառակերպություն եկեղեցում ունեմ պատրաստած 2 սփռոց, 7 խաչի թաշկինակ, 7-րդը հենց այնտեղի առաջնորդինն է, Ավետարանի երեք շուրջկալ, գրակալի մեկ ծածկոց: Երուսաղեմում՝ Տիրամոր գերեզմանի վրա, ունեմ նկարած և ասեղնագործած թաշկինակ:

– Քո կարծիքով՝ սա ի վերուստ տրված շնո՞րհ է, թե՞ կարելի է սովորել ու նկարել:

– Աստված տալիս է ամեն ինչ: Դու պետք է վերցնես: Երբ հրաժարվում ես՝ կտրվում ես այդ շնորհից, շնորհքից և ամեն ինչից: Մարդկանց ամեն ինչ է տրվում. թե՛ երգել, թե՛ նկարել, ուղղակի մեկի մոտ դա զարգացած է, մյուսը՝ ինքը չի զարգացնում: Երբ ես գնում էի համալսարանի այդ բաժին ընդունվելու, մայրս ասում էր, որ դա իմ տեղը չէ, որ դրա համար մեծ տաղանդ է հարկավոր, իսկ հիմա շատ նկարիչներ ինձ խրախուսում են և ասում, որ իմ գործում դեռ շատ առաջ կգնամ:

Tatev-Petrosyan1

– Հայտնի նկարիչ ճանաչվելու միտում ունե՞ս:

– Ո՛չ: Ես միտում չունեմ ճանաչվելու կամ առաջ գնալու: Ինձ հետ ամեն ինչ ինքնաբերաբար է լինում: Չեմ սիրում ինձ գովազդել: Ես դեռ շատ բան ունեմ սովորելու: Չնայած, որքան սովորես՝ էլի ինչ-որ բան թերի է մնում: Ոչ թե ես պետք է ինձ գնահատել տամ, այլ դիմացինս պետք է գնահատի ինձ:

– Ինչպե՞ս ես վերաբերվում այն նկարիչներին, ովքեր արվեստը վերածում են բիզնեսի:

– Երբ արվեստն ու շնորհը բիզնեսի ես վերածում, դու չես կարող ստեղծագործել: Պետք է իմանաս՝ ինչ ստեղծագործել: Չստեղծագործողն էլ կարող է անընդհատ նկարել, ու ձեռքը բացվի: Օրինակ, տեսնում ես՝ վաճառում են նկար, որտեղ պատկերված է Մասիսն ու 2 բարդի, և լավագույն դեպքում՝ մի գետ: Կարծես տպված լինի: Ստեղծագործական մոտեցում չկա: Պատճառն այն է, որ, եթե նկարիչը ստեղծի շեդևր, այն շատ թանկ կարժենա: Չեմ կարող քննադատել, գուցե մարդու ապրուստի միակ միջոցը դա է, բայց եթե ուրիշ գործ ունի անելու՝ թող այդ գործով զբաղվի:

– Ունեցե՞լ ես որևէ հետաքրքիր նախագիծ:

– Մի քանի տարի առաջ մի կոմպոզիտոր-ստեղծագործողի հետ որոշեցինք, որ ինքը պետք է եգիպտական պապիրուսի վրա ձեռագիր տարբերակով գրի Հովհաննու Ավետարանը, իսկ ես նկարազարդեմ այն: Նախագիծը ստացվեց: Ավետարանը գրվեց արևմտահայերենով:  Չորս հիմնական նկարներ են պատկերված, առաջինը պատկերել եմ Քրիստոսի գալուստը: Մնացած էջերում արված են փոքրիկ նկարազարդումներ:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս