Թուրքական մամուլի վարկածը՝ կապված Դավութօղլուի կողմից Հայաստանի հրավերն ընդունելու դրդապատճառների հետ
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Կիևում անցկացրել է մոտ 10 երկկողմ հանդիպում, ուր նա մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստին: Այդ երկկողմ հանդիպումներում աչքի է ընկնում հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը:
Դավութօղլուն հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 12-ին, ժամանելու է Երևան, ուր և մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) գագաթաժողովին: Դրան նպաստել են Կիևում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունները (նկատի է առնվում դեկտեմբերի 4-ին Կիևում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը – 168.am), որոնց թուրքական լրատվամիջոցը որակում է որպես «դրական»:
Թերթը գրում է, որ Դավութօղլուն Կիևում հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի, Ռուսաստանի և Շվեյցարիայի արտգործնախարարների հետ և քննարկել է Կովկասի զարգացումները:
Նախ երեկոյան տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի արդյունքներով որոշվել է շարունակել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները և իրենց հաջորդ հանդպումն անցկացնել 2014 թվականի սկզբին:
Ապա Դավութօղլուն երեկ առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Բացի այդ, Դավութօղլուն առանձին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերի հետ (ով արդեն իսկ ընտրվել է Շվեյցարիայի նախագահ, և նոր պաշտոնին ձեռնամուխ կլինի 2014 թվականի հունվարի 1-ին՝ միաժամանակ պահպանելով արտգործնախարարի պաշտոնը – 168.am): Այդ հանդիպումներում քննարկվել են Կովկասի վերջին զարգացումները:
Այս տարվա հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցի ժամանակ Դավութօղլուն Շվեյցարիային խնդրել է միջնորդել հայ-ադրբեջանական հակամարտությունում, որում դրական զարգացման գրանցման դեպքում կկարգավորվեն նաև Անկարայի ու Երևանի հարաբերությունները (2014 թվականի հունվարի 1-ին Շվեյցարիան կստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը և արդեն իսկ հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում):
Թերթն ընդգծում է, որ հայկական կողմը գոհ է, որ Դավութօղլուն համաձայնվել է ժամանել Երևան: Չի բացառվում, որ այդ այցի շրջանակներում տեղի ունենա Նալբանդյան-Դավութօղլու հանդիպում:
Թուրքական Hürriyet Daily News թերթն իր հերթին Դավութօղլուի կիևյան երկկողմ հանդիպումների թվում հիշատակում է նաև Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումը՝ մանրամասնելով, որ Դավութօղլու-Նալբանդյանը հանդիպումը Կիևում տեղի է ունեցել դեկտեմբերի 5-ի առավոտյան: