Շվեյցարիան հատուկ ներկայացուցիչ է նշանակել Հարավային Կովկասում

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության գլխավոր առաջնահերթությունների թվում են գտնվելու Հարավային Կովկասը և Արևմտյան Բալկանները: Այս մասին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ իր նախագահության շրջանակներում Շվեյցարիան մտադիր է նպաստել Հարավային Կովկասում երկխոսության կայացմանը և վստահության հաստատմանը: Դրա հետ կապված՝ Դաշնային խորհուրդն Անջելո Գնադինգերին նշանակել է Հարավային Կովկասում Շվեյցարիայի հատուկ ներկայացուցիչ:

Դա տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին, սակայն հատուկ ներկայացուցիչն իր պարտականություններին ձեռնամուխ է լինելու 2014 թվականի հունվարի 1-ին, երբ Շվեյցարիան կստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը: Ներկա դրությամբ, Գնադինգերը հանդիսանում է Ժնևում գտնվող Հումանիտար երկխոսության կենտրոնի՝ քաղաքական միջնորդության գծով պատասխանատու:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Today’s Zaman թերթը հայտնել էր, որ այս տարվա հոկտեմբերի կեսին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն դիմել է Շվեյցարիային՝ խնդրելով աջակցել (միջնորդել) Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ինչն իր հերթին ճանապարհ կհարթի Երևանի հետ Անկարայի կապերի վերականգնման համար:

Տեսանյութեր

Լրահոս