Ինչո՞ւ չեն երգում հոլանդերեն

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց կառավարությանը, թե ինչո՞ւ կառավարությունը ֆինանսական միջոցներ հատկացնելով «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղի լիցենզիայի ձեռքբերման համար, պայման չի դրել, որպեսզի այն հեռարձակվի հայերեն, քանի որ ռուսալեզու հեռարձակումը «Լեզվի մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքների կոպիտ խախտում է:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը սկսեց բացատրել, որ այդ խաղը Հայաստանում, մեծ մասսայականություն ունի, այն խաղում են դպրոցներում, համալսարաններում և նույնիսկ վարչապետի գավաթ կա: Եվ այս բոլոր խաղերն ընթանում են հայերեն լեզվով: Ըստ Գաբրիելյանի, միայն այս խաղի հեռուստատեսային ֆորմատն է, որ ռուսերենով է, որովհետև կա այս խաղի միջազգային լիգա, որի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ Հայաստանում հեռարձակվում են միջազգային ֆորմատ ունեցող այլ հեռուստախաղեր ևս, օրինակ` «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», որը բրիտանական խաղ է, կամ «Հայաստանի ձայնը», որը հոլանդական է: Սակայն որևէ մեկի մտքով չի անցնում այդ խաղերը Հայաստանում անցկացնել անգլերեն կամ հոլանդերեն: Արզումանյանն ասաց, որ, օրինակ, ՈՒԵՖԱ-ի աշխատանքային լեզուն էլ ֆրանսերենն է, բայց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիայի նիստերը ֆրանսերենով չի վարում: Արզումանյանը տեղեկացրեց, որ, օրինակ, Վրաստանում ևս անցկացվում է «Ինչ, որտեղ, երբ» խաղը, սակայն այն անցկացվում է վրացերեն, և, երբ Վրաստանի հավաքականը մասնակցում է միջազգային լիգայի խաղերին, բնականաբար, անցնում են ռուսերենին: «Ի՞նչն է խանգարում, որ Հայաստանի հավաքականը Հայաստանում խաղա հայերեն, իսկ դրսում` ռուսերեն»,- հարցնում էր Արզումանյանը:

Վաչե Գաբրիելյանի պատասխանը դարձյալ նույնն էր: Նախարարը միայն ավելացրեց, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը չի արգելում ազգային փոքրամասնություններին իրենց լեզվով հաղորդումներ ունենալ, ինչին ի պատասխան` պատգամավորն ասաց, որ, եթե Հայաստանում ապրող եզդիները, ասորիները, հրեաները կամ հույները դիմեն իրենց մայրենի լեզվով հաղորդում ունենալու համար, միանգամայն տրամաբանական կլինի, որ այդ համայնքների համար հեռարձակվող հաղորդումները լինեն իրենց լեզուներով, բայց երբ Հայաստանը ներկայացնող տարբեր թիմեր են իրար հետ հեռուստաէկրանից շփվում օտար լեզվով, դա օրենքի խախտում է:
Հայաստանի կառավարությունն ամեն ինչում ճիշտ է և անսխալական: Կառավարության անդամները երբեք չեն ընդունի իրենց սխալը, որքան էլ այն ակնհայտ ու ճչացող լինի:

Կարդացեք նաև

Բոլորի համար էլ պարզ է, որ տեղի ունեցողն օրենքի խախտում է: Բայց Հայաստանում օրենքների վրա հղում կատարելը և օրենքի միջոցով ինչ-որ հարց լուծելու մասին մտածելն արդեն ծիծաղելի է: Օրենքը կառավարության ցանկությունն է, ինչպես ցանկանում են, այնպես էլ անում են:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս