«Ճաշողների ակումբը»՝ Հայաստանում. Diners Club-ը մտավ հայաստանյան շուկա
Ինչպես ծնվեց «ճաշողների ակումբը»
1945 թվականի սովորական մի օր ամերիկյան Hamilton Credit Corporation ընկերության նախագահ Ֆրենկ Մակնամարան, նյույորքյան ռեստորաններից մեկում ճաշելուց հետո հանկարծ պարզեց, որ դրամապանակը մոռացել է տանը՝ մյուս պիջակի գրպանում։ Անհարմար վիճակում հայտնված գործարարը ստիպված զանգահարեց կնոջը, որպեսզի նա փողը բերի ռեստորան։ Հենց այդ անհարմար իրավիճակն էլ առիթ ու պատճառ դարձավ, որպեսզի ստեղծվի ունիվերսալ վճարային գործիք սպասարկման վայրերի համար՝ Diners Club քարտը։
Ֆրենկ Մակնամարան
Մակնամարան իր երկու ընկերների՝ Ալֆրեդ Բլումինգդեյլի և Ռալֆ Սնայդերի հետ միասին ստեղծեց մի ակումբ, որի թողարկած պլաստիկ քարտերը կընդունվեին մեկից ավելի առևտրային կետերի կողմից։ Այսպես հայտնվեց առաջին պլաստիկ քարտը՝ որպես ունիվերսալ վճարային գործիք, որը կոչվեց Diners Club (ճաշողների ակումբ)։ Անվանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ սկզբնական շրջանում այդ քարտերն անվճար տրամադրվում էին Empire State Building-ի մոտակայքում գտնվող նյույորքյան 14 ռեստորանների մշտական այցելուներին։ Քարտերը տպվում էին բարձր խտության ստվարաթղթի վրա՝ ուղղանկյան տեսքով։ Դրա հակառակ կողմին նշված էին այն ռեստորանները, որտեղ քարտը սպասարկվում էր։ Քարտի սպասարկման մեխանիզմը պարզ էր և հարմարավետ։
Այսպիսի տեսք ունեին Diners Club քարտերը 1951 թվականին
Քարտի տերը ռեստորանում հաշիվը փակելու ժամանակ ներկայացնում էր իր քարտը, իսկ ռեստորանը հաշիվն ուղարկում էր Diners Club ակումբին։ Ակումբը ամիսը մեկ անգամ քարտատիրոջը ներկայացնում էր ընդհանուր հաշիվը։ Այսինքն՝ հաճախորդը վճարում էր Diners Club ակումբին, իսկ ակումբը՝ ռեստորաններին։ Սա Diners Club-ի փառահեղ ճանապարհի սկիզբն էր։ Հիմնվելով ոչ թե` որպես բանկ կամ կազմակերպություն, այլ` պարզապես ակումբ, որն օգնում է մարդկանց համախմբվել հաճելի ընթրիքի շուրջ, Diners Club-ը շատ արագ սկսեց ավելացնել համակիրների թիվը։ Արդեն 1950 թվականին Diners Club-ն ուներ 20 հազար քարտատեր։ Իսկ այսօր Diners Club-ը ճանաչված բրենդ է և ներկայացված է աշխարհի ավելի քան 185 երկրներում։ Այն ունի ավելի քան 20 միլիոն առևտրի և սպասարկման կետեր, ինչպես նաև՝ ավելի քան 1 միլիոն կանխիկացման կետեր և ԱԳՄ-ներ։ Այն բավարարում է բարձրակարգ և ընտրյալ սպառողների վճարային կարիքները և առավել հասանելի է դարձնում աշխարհի մոտ 500 օդանավակայաններ, բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ մուտք գործելը։ Diners Club International-ը հանդիսանում է Discover Financial Services ընկերության ստորաբաժանումը, որը մատուցում է ուղիղ բանկային և վճարային ծառայություններ և ԱՄՆ ֆինանսական ծառայությունների շուկայում ամենալայն ճանաչում ունեցող բրենդերից մեկն է։ 1986թ. իր գործարկումից հետո այն դարձել է ԱՄՆ քարտ թողարկող ամենախոշոր ընկերություններից մեկը։
Diners Club-ի անապարհը՝ դեպի Հայաստան
Երեկվանից Diners Club-ը պաշտոնապես մուտք գործեց նաև հայաստանյան շուկա՝ «Արարատբանկի» միջոցով։ Մինչ առաջ անցնելը նշենք, որ, որքան էլ զարմանալի հնչի, մենք՝ հայերս, այդ ակումբին ծանոթ լինելու հնարավորություն ստացել ենք ավելի քան 4 տասնամյակ առաջ։ Ոչ անմիջական ձևով, իհարկե, բայց նման առիթ եղել է։ Բանն այն է, որ Diners Club-ը միջազգային առաջին վճարային համակարգն է, որը մուտք գործեց ԽՍՀՄ։ 1969 թվականին ընկերությունը պայմանագիր կնքեց «Ինտուրիստի» հետ, որը սպասարկում էր Diners Club-ի քարտերը «Բերյոզկա» վալյուտային խանութներում, Մոսկվայի և Լենինգրադի ռեստորաններում ու հյուրանոցներում։ Իհարկե, խոսքը միայն արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերի մասին էր. ԽՍՀՄ-ը նման քարտեր չէր թողարկում։ Այս առումով Ռուսաստանը բավական առաջ ընկավ։ Diners Club Russia-ն հիմնադրվեց արդեն 1995 թվականին, իսկ հաջորդ տարի թողարկվեց առաջին քարտը։ Հայաստանում Diners Club-ի մուտքը պաշտոնապես ազդարարվեց երեկ։ «Արարատբանկը» և Diners Club International-ը պաշտոնապես հայտարարեցին Հայաստանում DCI նոր վճարային քարտերի թողարկման մասին։ Իսկ գործընթացի մեկնարկը տրվել էր դեռ 2012 թվականին, երբ «Արարատբանկ» և Diners Club International-ը ստորագրեցին ֆրանչայզինգի պայմանագիր, որով «Արարատբանկը» պետք է գործի` որպես միակ լիիրավ ֆրանչայզի ընկերություն Հայաստանում և պատասխանատու կլինի թե՛ Diners Club բրենդի, և թե՛ քարտի թողարկման ու սպասարկման համար։ Բոլոր տեղական և միջազգային Diners Club քարտերը կսպասարկվեն «Արարատբանկի» բանկոմատներում և սպասարկման կետերում։ Ֆրանչայզի պայմանագրի ստորագրումից մինչև երեկվա միջոցառումը կատարվել է մեծ ծավալի աշխատանք, որը կարելի է համարել Հայաստանում Diners Club-ի ներդրման առաջին փուլը։ Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց «Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, առաջին փուլում ստեղծվել է համապատասխան միջավայրը, մշակվել և ներդրվել են համապատասխան ենթակառուցվածքները, որոնց շնորհիվ քարտը կսպասարկվի առևտրի և սպասարկման ավելի քան 1000 կետերում։ Նախագծվել է նաև քարտի դիզայնը։
Աշոտ Օսիպյանը և Էդուարդո Տոբոնը ներկայացնում են Diners Club Armenia քարտը
«Այսօր մենք շուկային առաջարկում ենք Diners Club Premium Card, Super Premium, Diners Club Light Card և Young Professional քարտերի տեսակներ, որոնք քարտապաններին կընձեռեն բազմաթիվ արտոնություններ և զեղչեր ինչպես` Հայաստանում, այնպես էլ` ամբողջ աշխարհում»,- ասաց Ա. Օսիպյանը։ Նա նաև նշեց, որ առաջնորդվելու են հաճախորդների պահանջներով։ Այսինքն, Diners Club-ը ճկուն համակարգ է, և հաճախորդներն իրենք են թելադրելու պայմանները։ Ա. Օսիպյանն ընդգծեց, որ սա ոչ թե պարզապես վճարային քարտ է, այլ ակումբ, իսկ քարտատերերը՝ ակումբի անդամներ, որոնք օգտվում են ակումբի ընձեռած հնարավորություններից։ Diners Club-ը հիմնվում է երեք հենասյուների վրա՝ սնունդ (խոհանոց), որն ընկերության սկզբնաղբյուրն է, ճամփորդություն և ամենօրյա ծախսեր։ Հայաստանում նույնպես Diners Club-ի գործունեությունը հիմնված կլինի այս հենասյուների վրա, պարզապես, ըստ Ա. Օսիպյանի, այն առավել կհարմարեցվի հայաստանյան հաճախորդների պահանջներին։ Հայաստանյան Diner Club-ի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև Diners Club International-ի նախագահ Էդուարդո Տոբոնը, ով նշեց, որ Diners Club քարտերի թողարկումը Հայաստանում նոր և կարևոր իրադարձություն է Հայաստանի համար։ «Ի դեմս «Արարատբանկի»՝ մենք ունենք ուժեղ գործընկեր Հայաստանում, և միասին կարող ենք իրագործել հսկայական ծրագրեր մեր քարտապանների համար»,- ասաց Տոբոնը՝ ավելացնելով, որ համատեղելով վաճառքի գծով մարքետինգային իրենց փորձառությունն «Արարատբանկի» կայունության և նորամուծական ոգու հետ, իրենք կկարողանան ակումբի անդամներին առաջարկել շահավետ պայմաններ աշխարհի և Հայաստանի հիմնական տուրիստական վայրերում։ Diner Club-ի մուտքը հայաստանյան շուկա ողջունեց և շնորհավորեց նաև Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։ Շեշտելով, որ Diners Club-ին ներգրավելը պահանջում է նվիրված աշխատանք՝ Երիցյանը շնորհավորեց «Արարատբանկին» և մաղթեց Diners Club-ի հաջող գործունեություն Հայաստանի շուկայում։