«Ես ի՞նչ է, ձեզ համար Գ.Գալիլեյն եմ, թե Ն.Կոպեռնիկոսը». Հ. Բագրատյան
ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել` անդրադառնալով իր հետ կապված դատական քաշքշուկին.
«Այսօր վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներ Տարոն Նազարյան, Կարեն Չիլինգարյան և Իսկուհի Վարդանյան) մերժեց իմ բողոքը այս տարվա սեպտեմբերին Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի կայացած որոշման դեմ։ Հիշեցնեմ, որ համաձայն տիկին Հովսեփյանի որոշման ես գողացել եմ ոմն Մանե Հակոբյանի գիտության ծրագիրը։ Այս դատը և վերաքննիչ դատարանի գործելակերպը ըստ իս անցնում են նույնիսկ այս կոռումպացված երկրի համար սահմանված այլանդակ նորմերը։ Հիշեցնեմ խնդրի էությունը։ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» շարժման ակտիվիստներ Խաչիկ Գևորգյանը և Արթուր Իշխանյանը 2011-ի ամռանն իրենց նախաձեռնությամբ հանդիպել են ինձ և խնդրել ՀՀ գիտության զարգացման ծրագիրը։ Այդ պահին ծրագիրը իբրև ՀԱԿ համար նախատեսված փաստաթուղթ նախագծի տեսքով գտնվում էր իմ մոտ։ Դրանից մեկ տարի առաջ ՀԱԿ ղեկավարությունը խնդրել էր ինձանից, 100 քայլ ծրագրից հետո, համակարգել և նախապատրաստել գիտության զարգացման ծրագիրը։ ՀԱԿ-ում արդեն կար գիտության բարեփոխումների աշխատանքային խումբ, որտեղ աշխատում էր Մ. Հակոբյանը։ Նա,կարծեմ, ներկայումս հանրային խորհրդում է կամ դրա անդամ է (համենայն դեպս 1 ամիս առաջ այդպես էր)։ Ես ուրեմն ծրագրի նախագիծը ուղարկում եմ պ-ն Խ.Գևորգյանին, նա էլ այն կախում է վերը նշված կայքում։ Դրանից հետո հայտնվում է Մ.Հակոբյանը և հայտարարում. 2010-ի դեկտեմբերին ինքը 2011թ ամռանը ֆեյսբուքյան էջում տպագրված վերը նշված ծրագիրը գրանցել է որպես հեղինակային իրավունքի օբյեկտ։ Այնուհետև նա մի որոշ ժամանակ անց դիմում է դատարան. հայցի առարկան հետևյալն է. իբր թե ես՝ Հրանտ Բագրատյանս, այդ ծրագիրը նրանից գողացել եմ և ապօրինաբար հրապարակել։ Սկսվում է երկամյա դատական քաշքշուկը։ Բնական է, դատարանում առաջինը թեզը որ մենք առաջ ենք քաշում հետևյալն է. լավ Խ.Գևորգյանն այդ ծրագիրը կախել է իրենց էջում, ինձանից ի՞նչ եք ուզում։ Իհարկե, ես նրան այդ ծրագիրն ուղարկել եմ օգտագործելու (չեմ հրաժարվում), բայց մեծ հաշվով ես ոչինչ չեմ հրապարակել։ Անընդունելի է, զավեշտ է ուրիշի արած գործողության դիմաց ինձ դատարան հրավիրել։ Ինչպե՞ս կարելի է դատել չարած բանի համար։ Այլ խոսքերով, ես ի սկզբանե չեմ կարող այս դեպքում պատասխանող կողմ լինել։ Դատարանը (և առաջին ատյանի, և վերաքննիչ) արհամարհում է սա և ասում. մի րոպե ենթադրենք դուք պատասխանող կողմ եք, այնուամենայնիվ, այս ծրագիրը գողացել ե՞ք, թե՝ ոչ։ Տեսեք, ասում են ինձ, փորձաքննություն ենք արել և ֆեյսբուքյան էջում 2011թ ամռանը հրապարակածը 58%-ով նման է Մ.Հակոբյանի 2010-ի դեկտեմբերին գրանցված ծրագրին։ Այստեղ մենք դատարանում բերում ենք փաստարկ. բայց չէ՞ որ 2010-ի հունիսին ես՝Հրանտ Բագրատյանս, իմ և Հարություն Կարապետյանի անունից Մ.Հակոբյանին, երբ նա դեռ ՀԱԿ-ում էր, ծրագիր ենք ուղարկել, որպեսզի իմ հանձնարարությամբ նա կազմակերպի քննարկում ՀԱԿ գիտության հանձնաժողովում, բաժանի հանձնաժողովի անդամներին։ Մ.Հակոբյանի 2010-ի դեկտեմբերին գրանցած ծրագիրը մեր ուղարկած ծրագրից արտագրություն է (առնվազն 80%-ը)։ Ահա այս դեպքում դատարանը հրաժարվում է փորձաքննություն անցկացնել իմ ուղարկածի և նրա գրանցածի միջև։ Ներեցեք, բայց սա ընտրովի արդարադատություն է, պատվեր։ Պատվիրատուներն էլ են հայտնի. հանրային խորհուրդ, կառավարություն, արդարադատության նախարարություն (փոխնախարարներից մեկին պատկանող նող գրասենյակն էր Մ.Հակոբյանին փաստաբանական ծառայություններ մատուցում)։ Նպատակն է՝ ինձ լռեցնել։ ԱԺ-ում շատ եմ խանգարում կառավարությանը։ Հիրավի զավեշտ է. ինչ-որ մեկը (ոչ ես) ծրագիր հրապարակի, ես այդ ծրագիրն ուղարկեմ մի տիկնոջ, որը հետագայում այն գրանցել է ու ես դատվե՞մ։ Այն էլ, գիտության ֆինանսավորման հարցով, ինչի բարեփոխումները ձեռնարկել եմ 1991, 1992-1993թթ (բոլոր կառավարկան որոշումների պատճենները ներկայացվել են դատարան) և որոնք 1997-1998 կառավարության կողմից հեչ են արվել։ Լսեք սա ո՞ր դարն է։ Ես ի՞նչ է ձեր համար Գ.Գալիլեյն եմ, թե Ն.Կոպեռնիկոսը։ Քիչ է մնում մի հատ էլ խարույկ մոգոնեք։ Սա ի՞նչ բեսպրեդել է։ Սա դատ է, թե սամասուդ»։