Բաժիններ՝

«Ես գերադասում եմ երջանիկ կաթնագործ լինել, քան դժբախտ պաշտոնյա». Գարիկ Սարուխանյան

168.am-ի զրուցակիցն է կաթնամթերք արտադրող «Բոնիլատ» ընկերության սեփականատեր Գարիկ Սարուխանյանը:

– Պարոն Սարուխանյան, Հայաստանում գործարարությամբ զբաղվելը դյուրի՞ն է, ի՞նչ խնդիրներ կան:
– Ես մի օրինակ բերեմ՝ ինքներդ դատեք. Հայաստանում հարցնում են՝ ի՞նչ արժի եռաֆազ շարժիչը, պատասխանում են՝ «հեչից 1000 դոլար»: Այսինքն՝ 0-ից մինչև անվերջություն է, և, ինչպես էլ բնութագրեք՝ չեք սխալվի: Նման ունիկալ բիզնես միջավայր միայն մեզ մոտ է: Հայաստանում գործարարությամբ զբաղվելու դեպքում կարող է ընդհանրապես խնդիր չլինել, միաժամանակ կարող են շատ-շատ բարդություններ ծագել: Սրա պատճառը մեր ազգի սակավաթիվության մեջ է, քիչ ենք, բոլորն իրար ճանաչում են: Ու այստեղ խնդիրը միայն վերև ու ներքևը չի, երկրի ղեկավարությունը կապ չունի դրա հետ: Մենք արժանի չենք այս հողին: Շատերն ասում են՝ երկիրը երկիր չի: Ես բոլորին պաշտոնապես պատերազմ եմ հայտարարում, ուղղակի իրե՛նք այս երկրին արժանի չեն: Մեր հայրենիքն աշխարհի ամենաքաղցր ու ամենաանուշ հայրենիքն է, պարզապես մենք արժանի չենք նրան: Ի՞նչ եք կարծում, եթե հայերին ամբողջությամբ տեղափոխենք ու Գերմանիայում մի ամբողջ մարզում բնակեցնենք, որտեղ միայն իրենք կապրեն, ապա այդ տարածքը շուտով անապատ կդառնա: Իսկ եթե 2-3 մլն գերմանացի գա Հայաստանում ապրի, այս երկիրը կդառնա Գերմանիա:
– Շատ գործարարներ բողոքում են հարկային ու մաքսային խնդիրներից:
– Ես ոչ մի նման խնդիր չունեմ, հարկային տեսուչներին 2-3 ամիսը մեկ եմ տեսնում, 1 պատուհան կա, հարկային հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ուղարկում ենք:
– Ի՞նչ եք կարծում` Հայաստանում տեղական արտադրողը պաշտպանվա՞ծ է:
– Նայած, թե որ արտադրողն է պաշտպանված, ընդհանրապես բարեկամական կապեր՝ խնամի, քավոր, սանիկ, այ թե ով է պաշտպանված գործարարը: Մեր ձեռնարկությունը ֆինանսական մեծ հոսքերի հետ գործ չունի, և մենք չենք առնչվում նման խնդիրների, իմ խնդիրն է՝ արտադրությունից խանութ հասցնել որակյալ մթերք, որպեսզի սպառողը գոհ մնա: Պաշտպանված լինելու առումով ասեմ, որ, օրինակ, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանեց մեզ, բայց խնդիրը զուտ տեխնիկական էր եղել, իսկ հայտարարվեց, թե մեր ընկերությունն «անբարեխիղճ վարքագծով, խաբեությամբ, կաթի շշերի մեջ թան է վաճառել»: Դա է զայրացնող: Մեր շշերը բոլորը նույնն են, պիտակներն են տարբեր, պարզապես թանի պիտակի վրա անգլերեն մակնշման մեջ 1 բառ բաց էր թողել աշխատողը և գրել էր՝ «100% pasteurized milk», փոխանակ գրեր՝ «produced from 100% pasteurized milk»: Ես վրիպումն ընդունում եմ, պատրաստ եմ ներողություն խնդրել սպառողից, բայց այդ որակումները բոլորովին տեղին չեն: Զուտ իրավական առումով հանձնաժողովը կայացրել է առավելագույնս կոշտ վճիռ, փոխանակ նախազգուշացում տար այդ վրիպակի համար:
– Գործարարների՝ քաղաքականությամբ զբաղվելն ինչպե՞ս է ազդում տնտեսության վրա:
– Շատ վատ: Իմ կարծիքով՝ գործարարն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու, գուցե սխալ եմ, բայց ես այդպես եմ կարծում: Եթե մեկը ստուգի գործարարների քաղաքական գիտելիքների պաշարը, բավականին կզարմանա: Քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները: Եթե գործարարն իր գործը, իր գործարանը թողել, քաղաքականության է անցել, տնտեսության վիճակն էլ սա պետք է լինի: Ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի: Մեր դժբախտությունը դրանում է, որ թողած մեր բուն գործը, այլ բանով ենք զբաղվում: Մեզ մոտ արդեն մասնագետ չկա: Ես շատ եմ շփվում նաև Թուրքիայի գործարարների հետ, այնտեղ թեյ պատրաստողը 30 տարի աշխատելուց հետո է միայն դառնում վարպետ, բայց միայն թեյ է պատրաստում: Մասնագետ է դառնում: Այստեղ ով, ինչով պատահի, զբաղվում է, էլ ի՞նչ մասնագիտություն պետք է ձեռք բերի: Մեր երկրում բոլորն ուզում են ղեկավարել, բայց արհեստավորներ չունենք:
– Այդ հարցը հիմա շատ է քննարկվում, որ միջին մասնագիտական կրթություն ստացողներն են քիչ ու, օրինակ, լավ որակավորում ունեցող խառատ գտնելը մեծ բարդություն է:
– Ժամանակը կբերի նրան, որ մսագործ, պանրագործ, տարբեր տեսակի տեխնոլոգների և այլ վարպետների աշխատավարձը շատ բարձրանալու է, հասնելու է 400, 500, 600 հազար դրամի: Եվ շուտով ծնողներն իրենք իրենց զավակներին կուղղորդեն այս կարգի մասնագիտություններ ստանալու: Ես գերադասում եմ երջանիկ կաթնագործ լինել, քան դժբախտ պաշտոնյա, ու իմ երեխաներին էլ այդ գաղափարով եմ մեծացնում: Ի՞նչ պարտադիր է՝ բոլորը դառնան պատգամավոր, ղեկավար:
– Պարոն Սարուխանյան, այնուամենայնիվ, լուրեր կային, որ հիասթափված եք և հաջորդ տարվա սկզբին փակելու եք Ձեր բիզնեսն ու հեռանաք երկրից: Որքանո՞վ են այդ լուրերը համապատասխանում իրականությանը:
– Ոչ, գուցե բարկանամ, ասեմ նման բան, բայց եթե փակեմ-գնամ, ասելու են՝ սխալ էր, վախեցավ ու հեռացավ: Ես ոչ մի դեպքում չեմ գնա երկրից, նույնիսկ, եթե ստիպված լինեմ հաց մուրալ: Ես այստեղ եմ ծնվել և իմ 7 զավակներին այստեղ եմ մեծացնում և չեմ պատրաստվում գնալ: Իմ ներդրումն իմ երեխաներն են:
– Կաթնամթերքի շուկայում ի՞նչ զարգացումներ կան, թանկացումներ սպասվո՞ւմ են:
– Թանկացումներ մեզ մոտ հոկտեմբերին եղան, իսկ առաջիկայում, եթե կաթ արտադրողները կաթի գինը չփոփոխեն, վերամշակողները գին չեն բարձրացնի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս