Բաժիններ՝

Արևելյան գործընկերության ծրագրի ձախողման թուրքական պատճառները

Վարագույրն իջավ այնքան սպասված Վիլնյուսի վեհաժողովի վրա: Երևանը չնախաստորագրեց ասոցացման համաձայնագիրը: Թեև հայտնի էր արդեն, որ ստորագրությունների արարողակարգի ծրագրում, երբ չէր հայտնվել Հայաստանի անունը, պարզ էր, որ նախաստորագրությունը չէր նախատեսվել։

Մի պահ, Ուկրաինայի մերժումը` շարունակելու ասոցացման գործընթացը, երկրորդ պլան մղեց ՀՀ-ի ՄՄ-ի միացման որոշումով Եվրոպական Միության հետ ասոցացման նախաստորագրության չեղյալ համարումը: Վիլնյուսի ժողովն ամբողջ իր քննարկումներով, մեկնաբանություններով և քաղաքական հայտարարություններով առաւելաբար կենտրոնացել էր Ուկրաինայի կարգավիճակի ճշտորոշման հարցերի վրա: Մոլդուական տատանումները մի պահ  նաև այն տպավորությունը թողեցին, որ Վրաստանը առանձին էր մնալու Արևելյան գործընկերության պաշտոնապես ասոցացվող երկրներում, մանավանդ որ նույնիսկ Ադրբեջանը, հակառակ դրա, որ աղյուսակում չէր ներառվել, ինչ-որ առիթով  հայտարարեց, որ այդ ուղղությամբ ընթանալու մտադրություն չունի:

ՀՀ-ԵՄ համատեղ հայտարարությունը անշուշտ որևէ իմաստով համազոր չէ այն փաստաթղթին, որի համար տարիներ ի վեր բանակցություններ էին վարվում: Այնտեղ ընդհանուր սկզբունքների շուրջ շեշտադրվող եզրեր են, որոնք հռչակագրային բնույթ ունեն, ավելի քան ընթացակարգային իրաւական նշանակություն ունեցող և հանգրվան ամրագրող համաձայնագիր:

Քաղաքական յուրահատուկ տեսաբանություն պետք չէ ձևակերպել` հաստատելու համար, որ ՀՀ-ի ՄՄ-ին միանալու որոշումը Մոսկվայից Երևան հասած ուղղահայաց թելադրանքների արդյունք է։

Բայց հիմա ունենք այն ինչ ունենք: Երևանը երկարատև բանակցություններից և պատրաստ լինելուց հետո չի ստորագրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Ուկրաինան նմանատիպ պատճառներով, ՀՀ-ը դուրս բերեց մեկուսացումից և իր վրա կենտրոնացրեց Վիլնյուսի ամբողջ ուշադրությունը:

Ճիշտ է, որ նման իրավիճակի գոյառման համար պատասխանատվության բաժին է հասնում արտաքին գերատեսչության վրա: Կա նաև հանգամանքների բացատրություն, թե որևէ իշխանություն նման ժամանակահատվածի և նման պայմաններում ի՞նչ այլ քայլ առնելու հնարավորություն ուներ։

Պատճառահետևանքային կացությունների մասին կարելի է և դեռևս պիտի խոսվի անպայման շատ: Մինչ ԵՄ-ի շրջանակների կողմից ինչպես Կիևի, այնպես նաև Երևանի համար կա հստակ մոտեցում իշխանություններն ու քաղաքացիական հասարակությունը այս հարցում տարանջատելու` ընդգծելու համար, որ ժողովուրդները միանշանակ կողմ են դեպի Եվրոպա սուրալու, մինչ իշխանությունները ռուսական պարտադրանքների տակ արգելակում են այդ ընթացքը, դեմ դուրս գալով ժողովրդի կամքին:

Քաղաքացիական հասարակությունները, հայտնաբար պիտի շարունակեն աշխատանքային թիրախ մնալ ևրոպական կառույցների կողմից, իհարկե, պետականին առընթեր: Եվ եվրոպական նորմերի տարածումն ու որդեգրել տալու վարքագիծը թվում թե աշխույժ թափ է ստանալու Հայաստանում գործող եվրոպական զանազան ոլորտների վերաբերող կառույցների մոտ։

Ինչ վերաբերում է պատասխանատվությունների ճշտմանը, այստեղ պետք է բանի քաղաքական հետևյալ տրամաբանությունը ևս։ Մանավանդ միջազգային և հատկապես եվրոպական հանրային կարծիքին հայկական կողմն ունի տվյալներ պատասխանատվությունը բեռցնելու ՀՀ-ը շրջափակած կողմի վրա: Եվրոպական քաղաքական և հասարակական շրջանակները պիտի իմանան, որ Հայաստանի դեպի Եվրոպա դուրս գալու և առևտուրը համապարփակ ու խոր տարողությամբ կայացնելու համար հիմնական ուղին Թուրքիայից է անցնում։ Այդ ուղին փակ է քաղաքական պատճառներով:  Նույն Եվրոպան, որին այսօր չհաջողվեց իրականացնել Արևելյան գործընկերության ասոցացման համալիր ծրագիրը, Մոսկվային առընթեր պիտի փնտրի նաև դեպի Եվրոպա ընթանալ ցանկացողների դիմաց սահման փակող  կողմի պատասխանատվությունը: Պատասխանատվություն, որ նաև իր (ԵՄ-ի) քաղաքականության ձախողման գլխավոր պատճառներից է:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս