«Այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է». Տուգանքներ անբարեխիղճ գովազդների համար
«Բի Էյչ Էս» (BHS) հագուստի խանութ-սրահը, «Լ օպտիկը», «Հիքսոս» ընկերությունը՝ «Riso Scotti» ապրանքանիշով, իրենց նախորդ տարվա հասույթի 1%-ի չափով կտուգանվեն: Նման որոշում այսօր նիստում կայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ)՝ գովազդային շուկայում անբարեխիղճ վարքագիծ դրսևորելու համար: Նաև ՏՄՊՊՀ որոշմամբ ընկերությունները պարտավորվեցին դադարեցնել գովազդների հեռարձակումը:
Հանձնաժողովը ինչպես բողոքների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություն է իրականացրել գովազդային շուկայում: Պարզվել է, որ մի շարք դեպքերում հեռարձակվող գովազդները հանրությանը ներկայացնում են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և, բացի այդ, վարկաբեկում են մրցակից ընկերություններին՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ և առավելապես գերադրական աստիճաններ, որոնց գործածությունն արգելվում է օրենքով:
«Բի Էյչ Էս» խանութ-սրահը գովազդում է, որ իրենք հանդիսանում են «տարվա լավագույն միջազգային խանութը»: «Լ Օպտիկի» գովազդում, մասնավորապես, ասվում է. «Ակնոցների հարուստ տեսականի աշխարհահռչակ բրենդերից, որոնցից այլ սրահում դժվար թե գտնեք…»: «Riso Scotti» բրնձի իտալական որակը հաստատված է լավագույն շեֆ-խոհարարների կողմից…»: Նման բովանդակություններով գովազդները ուղղակիորն հակասում են օրենքին, քանի որ գովազդում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմել գովազդվող ապրանքի վերաբերյալ, կամ գերադրական աստիճանների անհարկի օգտագործումը համարվում է հասարակության մոլորեցում:
«Էյջ Թի Էլեքթրոնիքս» ընկերությունը դիմել է hանձնաժողովին՝ հայտնելով, որ մրցակից՝ «Nout.am» ընկերությունը համացանցում տեղադրել է վարկաբեկող տեղեկատվության իրենց պատկանող «Ռիչ Քոմփյութերս» ապրանքանիշի վերաբերյալ: Մասնավորապես «Nout.am»-ը տարածել է, որ իբր հաճախորդներից մեկը միջին որակի նոութբուքը «Ռիչ Քոմփյութերս»-ից գնել է 365 հազար դրամով, մինչդեռ այն իրենց մոտ արժե 209 հազար դրամ: «Հիմա դուք երևի կմտածեք. «խեղճ մարդ», բայց հավատացեք այդպիսի հիմարներին հենց էդպես էլ պետք է»,-իր գրառումը եզրափակել է «Nout.am»-ը:
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ «Nout.am»-ի վարքագիծը ակնհայտորեն հակասում է օրենսդրությանը: Հանձնաժողովի պահանջով գրառումն անմիջապես հանվել է համացանցից, իսկ ընկերությունը կվճարի տուգանք՝ օրենքի խախտման և մրցակից ընկերությանը վարկաբեկելու համար:
«Իմէքս Գրուպ» ընկերությունը դիմել է ՏՄՊՊՀ-ին՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Իդեալ», «Իդեալ Համակարգ», ապրանքային նշանները և ստացել դրանց վկայագրերը: Սակայն մեկ այլ ընկերություն՝ «Իդեալ Գազ» անվանումով, «Իդեալ» ապրանքային նշանի ներքո իրականացնում է առևտրային գործունեություն՝ խախտելով իրենց իրավունքները: Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի ընթացքում արձանագրվել է, որ «Իմէքս Գրուպին» սեփականության իրավունքով պատկանող և նրա անվամբ գրանցված «Իդեալ», «Իդեալ համակարգ» ապրանքային նշաններին շփոթության աստիճան նման «Իդեալ Գազ» և «IDEAL GAS» նշանների օգտագործումը սպառողների մոտ շփոթություն է առաջացնում «Իմէքս Գրուպի» գործունեության նկատմամբ, ինչն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է: