Գագիկ Մինասյանը քննարկել է, քննարկում է և կքննարկի… իր առանձնասենյակում (տեսանյութ)
Կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցով խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը չեն բացառում` ևս մեկ անգամ հրավիրել արտահերթ նիստ, կամ էլ հարցը մտցնել հերթական քառօրյա` օգտվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 52 հոդվածի 6-րդ կետի հնարավորությունից, երբ առանց քվեարկության հարցը կընդգրկվի հերթական նստաշրջան և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Արդյոք ՀՀԿ-ն այս անգամ կմասնակցի՞ արտահերթ նիստին, պատրաստ կլինի՞ քննարկել հասարակության ընդվզումն առաջացրած օրենքը: Ի պատասխան այս հարցերի՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ուշագրավ պատասխան տվեց. «Մենք մասնակցել ենք, մասնակցում ենք, անընդհատ էլ կմասնակցենք… Մենք այդպիսի բազմաթիվ քննարկումներ ենք ունենում հենց իմ առանձնասենյակում: Ես բազմաթիվ այդպիսի քննարկումներ ունեցել եմ, ունենում եմ և կունենամ բոլոր այն պատգամավորների հետ, որոնց հետ ես հարաբերվում եմ և այդ քննարկումները շարունակական են լինելու»։ 168.am-ի դիտարկմանը, թե խոսքը Ձեր առանձնասենյակում անցկացվող քննարկումների մասին չէ, այլ` ԱԺ նիստերի դահլիճում, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես կարծում եմ… ինչ վերաբերում է դահլիճին: Օրենքները ընդունվում են ավելի քան 1000 օր առաջ և այդ 1000 օրվա ընթացքում բազմաթիվ գործառույթներ են սկսկվել ոչ միայն ներպետական, այլև` պետությունից դուրս: Մենք ինվեստերնորների հետ ենք աշխատում, որովհետև ավելի քան 3 տարի առաջ օրենքը ընդունվել է, և եթե կաին մտահոգություններ, ապա երեք երկար ու ձիգ տարիների ընթացքում այդ հարցը պետք է բարձրացվեր: Երեք տարի առաջ սահմանված կարգով այդ ամենը եղել է` եղել են բազմաթիվ քննարկումներ, թե օրենքից առաջ, թե օրենքի ընդունումից հետո»: