Նաիրիտցիների համբերությունը հատում է. աշխատավարձ կրկին չկա
«Նաիրիտ» գործարանում իրավիճակը բավականին լարված է: Վերջին անգամ այստեղ աշխատավարձ վճարվել է սեպտեմբերի 24-ին: Նաիրիտցիների բողոքի ակցիաների արդյունքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոստացել էր 1 ամսվա աշխատավարձ վճարել մինչև այսօր՝ նոյեմբերի 27-ը, սակայն հերթական անգամ դրժել է իր խոստումը: Նաիրիտցիները դեռևս աշխատավարձ չեն ստացել և խիստ դժգոհ են իրավիճակից՝ թե´ մշտապես խաբված լինելուց և թե´ գործարանի վերագործարկման առումով տիրող անորոշությունից:
168.am-ի տեղեկություններով՝ գործարանի աշխատակիցները պատրաստվում էին վաղը կրկին փողոց դուրս գալ ու գնալ Բաղրամյան 26-ից պահանջել խնդիրների լուծում: Սակայն գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանն իր մոտ է կանչել տեղակալներին և հրահանգել ամեն կերպ զսպել աշխատավորներին: Դրա համար գտնվել է նաև «ընդունելի» պատճառ՝ Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս և ցուցարարների բողոքն անպատասխան կմնա: Միաժամանակ, այսօր աշխատավորների պատվիրակությանը՝ գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանի գլխավորությամբ, ընդունել է նախարար Ա.Մովսիսյանը և խոստացել, թե աշխատավարձը հաջորդ շաբաթ կվճարի:
Հ.Թադևոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Մովսիսյանը նոր խոստում է տվել և առաջիկա երկուշաբթի պետք է գումարը փոխանցվի: Նրա խոսքով՝ աշխատավարձի ուշացումը նախարարը պատճառաբանել է էներգետիկ համակարգում առկա խնդիրներով, ինչի պատճառով փոխառություն տվող էներգետիկ կառույցների եկամուտները նույնպես ուշանում են: Մովսիսյանը նաև խոստացել է, որ հաջորդ աշխատավարձը կվճարի դեկտեմբերի 20-ին: Թադևոսյանը նաև հայտնեց, որ «Նաիրիտի» աշխատակիցները մտադիր են նամակով դիմել Սերժ Սարգսյանին՝ Ամանորից առաջ ևս գոնե 1 ամսվա աշխատավարձ ստանալու համար. «Անցած 3 տարում 13-14 ամսվա աշխատավարձ չենք ստացել, հաշիվն էլ ենք արդեն կորցրել»:
Գործարանի ճակատագրի հանգուցալուծման վերաբերյալ Թադևոսյանը նշեց, որ սպասում են ՌԴ նախագահի այցին և հուսով են, որ խնդիրը դրական լուծում կստանա: Ըստ ամենայնի՝ Վ.Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում լինելու է նաև «Նաիրիտով» հետաքրրքված «Ռոսնեֆթ» նավթագազային ընկերություն» ԲԲԸ-ի նախագահ Իգոր Սեչինը, և այդ այցն իսկապես ճակատագրական կլինի «Նաիրիտի» համար: