Ինչո՞վ էին զբաղված եվրոպացիները այս 22 տարվա ընթացքում՝ բարեփոխումներո՞վ. Արամ Սարգսյան
Քիչ առաջ Մամուլի ազգային ակումբում մեկնարկեց քննարկումը՝ նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ: Քննարկմանը ներկա ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը նշեց, թե Մաքսային միությունը Հայաստանի համար շահեկան է, ապա ասաց, թե Հայաստանը շարունակում է մնալ քաղաքական խաչմերուկում՝ ցանկություն հայտնելով համագործակցել Եվրոպայի հետ: «Մենք հայտարարել ենք ՄՄ հետ միավորման վերաբերյալ, միաժամանակ մեզ համար շարունակում է մնալ կարևոր հիմնահարց ԵՄ հետ համագործակցությունը՝ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել»,- ասաց նա՝ ավելացնելով, թե ՄՄ-ին անդամակցելը կենսական հարց է:
ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն էլ ասաց, թե պետք է նախ հասկանալ՝ ի՞նչ ենք ուզում մեր երկրի համար, արդյոք ուզո՞ւմ ենք բաժանվել երկու խմբի: «Հիմա ինչ՝ նորից բարիկադնե՞ր պետք է սարքենք, բաժանվենք երկու մասի, տեսնենք ո՞րն է ճիշտ, ո՞րն է սխալ: Առայսօր առանց հուզական զգացմունքների չի եղել սառը քննարկում: Մենք ունենք Հայաստանի Հանրապետություն, որը իր անկախ տարիների ընթացքում հասել է նրան, ինչ ունենք: Եվ մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություննեը սահմանափակ են: Եթե Հայաստանը չընտրեց Եվրոպայի հետ ասոցացման ճանապարհը, այստեղ Եվրոպայի մեղքն էլ կա։ Ինչո՞վ էին նրանք զբաղված այս 22տարվա ընթացքում՝ բարեփոխումներո՞վ: Դատական համակարգ էին բարեփոխում, ոչինչ չեղավ, կառուցվածքային փոփոխությունների համար 220 միլիոն ծախսվեց ու կարող եք ինձ ասել, որ դրանցից հետո կառավարման համակագը դարձել է արդյունավե՞տ… Դրա հետ մեկտեղ՝ ունենք 4 միլիարդ դոլարի արևմտյան պարտք, ու չեն արել այն անհրաժեշտ քայերը, որ տնտեսությունը զարգանա, պարտքը մարի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կա նաև ՀՀ իշխանությունների մեղքը: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ընտրության հնարավորություն ունենա: ՀԴԿ նախագահը նկատեց, թե ՀՀ ամբողջ ազգային անվտանգությունը խարսխված է ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ կապերով, և Եվրոպան չի կարող փոխհատուցել դրանք: «Կտրուկ փոփոխությունների հետևանքները ո՞րն էին լինելու՝ դա հաշվարկե՞լ եք: ՀՀ-ն ինքը պետք է մտածի իր զարգացման ծրագրի մասին, ապա միայն իրական ընտրություն կատարի»,- նշեց նա:
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն էլ հիշեցրեց, որ տարիներ շարունակ իշխանության ներկայացուցիչները հայտարարությունների մակարդակով համոզմունք էին հայտնում, որ Հայաստանը գնում է դեպի Եվրոպա, իսկ վերջին ամիսներին իշխանական կուլիսներից ստանում էինք տեղեկություններ, որ, անուամենայնիվ, Ասոցացման համաձայնագիրը ստորագրվելու է: Ա. Օհանյանը նշեց, թե սեպտեմբերի 3-ի՝ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը ոչ միայն իր, այլև նույնիսկ իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող մարդկանց համար շոկ էր: «Այս հայտարարությունը եղել է բավական սպոնտան, ու փաստն այն է, որ մենք ունենք ինֆորմացիոն մի սով։ Ու դժվար է եզրակացնել՝ ի՞նչն է դրդել երկրի ղեկավարին նման որոշում կայացնել, այդ ի՞նչ սպառնալիքներ, շանտաժ է կիրառվել նրա վրա, որ սեպտեմբերի 3-ին հայտարարվեց ՄՄ անդամակցության մտադրության մասին, ի վերջո ի՞նչ է կատարվում, որ իշխանությունը գնաց նման անսպասելի քայլի: Դատելով խառնաշփոթից՝ մենք չենք կարող լիարժեք հետևություններ անել, թե ի՞նչ է կատարվում, ո՞ւր է գնում Հայաստանը»,- նշեց նա: Արմինե Օհանյանի խոսքով, նրանք, ովքեր կողմ են ՄՄ անդամակցությանը, ընդհանուր արտահայտություններ են ասում, բայց հանրությունը առաջնորդվում է ավելի կենցաղային հարցերից ելնելով. «Երբ նայում ես հանրային գիտակցության մակարդակին, պարզվում է, որ մարդիկ իրենց ընտրությունը կատարում են նրանով՝ արդյոք Ռուսաստանում բարեկամ ունե՞ն, թե՞ չունեն, տրանսֆերտներ ստանո՞ւմ են, թե՞ չէ, Եվրոպան հոմոսեքսուալիստների հայրենի՞քն է, թե՞ չէ…. Կենցաղային մակարդակի վրա ենք ընտրություն կատարում»: Հրապարակ օրաթերթի խմբագրի կարծիքով, հասարակության պատկերացումները թերի են: