Բաժիններ՝

Հակոբ Ինջիղուլյանի մայրը դիմել է Սերժ Սարգսյանին

galatv.am-ի փոխանցմամբ` Ոսկեվազ գյուղի բնակչուհի Գայանե Ինջիղուլյանը դիմում-խնդրանքով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

«Հարգարժան պարոն Նախագահ, Ձեզ դիմում է ձեր երկրի քաղաքացի, մի հայ մայր, հայ կին, ով ճակատագրի բերումով հայտնվել է անելանելի և սոսկալի իրավիճակում:

Որդիս՝ Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, ով ժամկետային զինծառայող է, գերեվարվել է ադրբեջանցիների կողմից այս տարվա օգոստոսի 8-ին և մինչ օրս գտնվում է գերության մեջ:

Միայն որդիս չէ, որ գերի է, այլ` մեր ողջ ընտանիքը, մեր հոգու անդորրը, վաղվա օրվա նկատմամբ մեր հավատը:

Թերևս կարիք չկա նկարագրելու բոլորիս, բայց հատկապես իմ՝ Հակոբի մոր, հոգի ծվատող ապրումների ողջ ահավորությունը:

Նշեմ, որ որդիս առողջական խնդիրներ ունի և նման պայմաններում այդ խնդիրներն ավելի կծանրանան:
Դուք էլ եք ծնող և պատկերացնում եք՝ գերության մեջ գտնվող երեխայի համար ծնողի սիրտը ոնց կցավի:

Գիտեմ, որ առանց այդ էլ և Պաշտպանության նախարարությունը, և ողջ պետությունը, ցանկություն ունեն անելու առավելագույնը:

Բայց ես էլ մայր եմ, ում զավակը գտնվում է մահվան ու կյանքի սահմանագծին, ով տեղյակ է հակառակորդի վայրագ վարվելաոճին և ում համար սպասումը դարձել է դժոխային տանջանք:

Ես պատրաստ եմ սեփական կյանքով փրկագնել որդուս, ցավոք` անհնար է:

Հակոբի 80-ամյա տատիկի, մեր ընտանիքի բոլոր անդամների և անձամբ իմ անունից թախանձագին խնդրում եմ` Ձեր բարձր հովանու տակ վերցնել այս խնդրի լուծումը:

Հակոբը միայն իմ որդին չէ, այլ` հոժար կամքով հայկական բանակը համալրած զինվոր, ով իր կյանքը վստահել է պետությանը:

Վստահ գիտեմ, որ գերեվարված զինվորի մոր արյուն-արցունքը անտարբեր չի թողնի ձեզ:

Երկնքում Աստծուն ենք ապավինում, երկրի վրա` Ձեզ: Ավելի հեղինակավոր մեկին չենք ճանաչում:

Հնարավորության դեպքում՝ Ադրբեջանի նախագահի հետ ձեր առաջիկա հանդիպման ժամանակ խնդրում ենք արծարծել նաև այս հարցը:

Ձեր կենսագրության փառահեղ էջերին ծանոթ ենք, գիտենք, որ նախագահ լինելուց առաջ՝ առաջին հերթին ձեր ազգի նվիրյալ զինվորն եք եղել, ուստի` ավելի լավ կպատկերացնեք իրավիճակի ողջ սարսափը:

Գերության մեջ է ձեր քաղաքացին, ձեր բանակի զինվորը, ձեր հայրենակիցը, ով կյանքի 22-րդ գարունը նոր է բոլորել, մի մատղաշ կյանք, որ այսօր ամենաշատը կարիք ունի օգնության:

Գրիչս մայրական վիրավոր սրտի արյուն-արցունքի մեջ եմ թաթախել, մեր վշտի մեջ մեզ միայնակ մի` թողեք:
Աստված զորավիգ լինի Ձեզ:

Ակնկալում ենք Ձեր օգնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս