Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին որոշումը բողոքարկվել է
Փաստաբան Ինեսա Պետրոսյանը երեկ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է Շանթ Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:
«168 ժամի» հետ զրույցում Հարությունյանի փաստաբանն ասաց, որ իր բողոքը վերաքննիչ դատարանը պետք է քննի քրեական գործի նյութերը ստանալուց հետո եռօրյա ժամկետում: «Իրենք առաջին ատյանի դատարանից պետք է նյութերը ստանան, դրանից հետո երեք օրում լսեն»,- զրույցում ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և Շանթ Հարությունյանին ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության:
Նոյեմբերի 20-ին արդեն Շ. Հարությունյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց: Շ. Հարությունյանը, սակայն, առարկել էր իրեն փորձաքննության ենթարկելու որոշմանը: Ինեսա Պետրոսյանի փոխանցմամբ՝ դատարանում Շ. Հարությունյանը նշել է, որ ինքը հոգեկան հիվանդ չէ: Ավելի վաղ պաշտպանը հայտնել էր, որ նախաքննական մարմինը Շ. Հարությունյանին դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննության ենթարկելու մասին իր միջնորդությունը հիմնավորել էր այն հանգամանքով, որ 2009-ին առկա էր փորձաքննության եզրակացություն. Շ. Հարությունյանն իրեն մեղսագրվող արարքում անմեղսունակ էր ճանաչվել: Ինեսա Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմնավորումներով է առաջին ատյանի դատարանը որոշել Շ. Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել: «Մենք գտնում ենք, որ չէր հիմնավորել, դրա համար էլ վերաքննիչ բողոք ենք բերել»,- ի պատասխան` ասաց պաշտպանը:
Նոյեմբերի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն այցելել էր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում Շ. Հարությունյանը մտահոգություն էր հայտնել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքների վերաբերյալ. նա ընդգծել էր նաև իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Ինեսա Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իր պաշտպանյալի նկատմամբ հոգեբուժարանում տեղավորվելուց հետո սադրանքներ եղե՞լ են: Ի պատասխան` Ինեսա Պետրոսյանն ասաց, որ երեկ հանդիպել է Շանթ Հարությունյանին. «Ես իրեն տեսել եմ, ինքն ասաց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա, անձնակազմի կողմից որևէ սադրանք և այլն չկա: Իր վիճակը նորմալ է, ուղղակի մտահոգված է այս իրավիճակով»:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ պաշտպանի անձնակազմը Շանթ Հարությունյանին հոգեբուժարանում այցելել է այն օրը, երբ վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոց: «Քանի որ ինքը կասկած էր հայտնել, որ հնարավոր է` այնտեղ իր անվտանգությանը սպառնալիք լինի, քանի որ ինքը նախկինում աշխատում էր ուժային մարմիններում, դրա համար մենք գնացինք` իրեն տեսնենք, որովհետև նաև խնդրել էր, որ երբ իրեն տեղափոխեն հոգեբուժարան, մենք իրեն այցելենք: Մենք այցելեցինք, տեսանք, որ իրեն մեկուսացրել են, կյանքին, առողջությանը վտանգ չէր սպառնում: Ինքը հիմնականում գոհ էր թե՛ աշխատակազմից, թե՛ վարչակազմից» ,- ասաց Նաիրա Կարմիրշալյանը:
Նրա խոսքով՝ քանի որ Շ. Հարությունյանը մտահոգություն էր հայտնել իր անվտանգության հետ կապված, ՄԻՊ գրասենյակից նախապես գրություն էր ուղարկվել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: Գրության հիման վրա Շանթ Հարությունյանը մեկուսացվել է:
Նշենք, որ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցում փորձաքննություն կանցնի նաև նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցածի արդյունքում ձերբակալված, ապա` կալանավորված Անուշավան Գրիգորյանը:
Հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը, ով իրականացնում է նրա պաշտպանությունը, «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ ինքն է միջնորդել` Ա. Գրիգորյանին փորձաքննության ենթարկել: «99 թվականից ինքն իրոք տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ, և ես պարտավոր էի միջնորդել: Եթե ինքն իրոք հիվանդ է ու անմեղսունակ, պատիժ կրելու փոխարեն` պիտի բուժվի, ոչ թե կալանավայրում լինի: Այդ միտումով ես ինքս եմ միջնորդել: Իմ միջնորդության քննարկման արդյունքում է դատարանը տեղավորել այնտեղ»,- ասաց պաշտպանը: Լյուդվիգ Ավետիսյանը տեղեկացրեց, որ դատարանն իր միջնորդությունը բավարարել է նոյեմբերի 22-ին, բայց Ա. Գրիգորյանը հոգեբուժարան պետք է որ տեղափոխված լիներ երեկ:
Պաշտպանի տեղեկացմամբ՝ դատարանը փորձաքննության հստակ ժամկետ չի նշել. սովորաբար այդ փորձաքննությունները տևում են 24 օր:
Նշենք, որ թե՛ Շանթ Հարությունյանին, թե՛ Անուշավան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մաս):
«168 ԺԱՄ»