Վլադիմիր Գասպարյան. Դեռևս կան չլուծված խնդիրներ
Ոստիկանության բարեփոխումները, ոստիկանության հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, կրթությունն ու վստահությունը ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված այսօր մեկնարկած միջազգային կոնֆերանսի թեմաների առանցքում են:
Երկօրյա միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ ԵԱՀԿ անդրազգային սպառնալիքների բաժնի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ, ինչպես նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցությամբ: Միջոցառումը մասնակիցներին տրամադրում է հարթակ՝ ուսումնասիրելու այլ երկրների փորձը, քննարկելու ձեռքբերումներն ու բարեփոխումների ընթացքում իրենց առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև փոխանակելու մտքեր ոստիկանության ոլորտում հետագա բարեփոխումների վերաբերյալ:
Համաժողովին մասնակցում են մոտ վաթսուն բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ ոստիկանությունից, Ազգային ժողովից, պետական մարմիններից, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկեր կազմակերպություններից: Միջոցառմանը մասնակցում է նաև բարձրաստիճան պատվիրակություն՝ Ղրղզստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներից, որն այժմ ճանաչողական այցով Հայաստանում է ԵԱՀԿ աջակցությամբ:
Մասնակիցները կքննարկեն ոստիկանության բարեփոխումների հիմնական ձեռքբերումները և մարտահրավերները Հայաստանում, Վրաստանում և Էստոնիայում, ինչպես նաև համայնքային ոստիկանության և կրթական բարեփոխումների կարևորությունը: Առանձին նիստ նվիրված կլինի ոստիկանության գործունեության խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությանը՝ որպես ոստիկանության հաշվետվողականության և թափանցիկության երաշխավորման մեխանիզմ:
ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը նշեց. «Այսօրվա հանդիպումը առանձնակի նշանակություն ունի, քանի որ հնարավորություն է ընձեռում անդրադառնալու ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործընթացին՝ ներկայացնելով հիմնական հաջողությունները, որոնք ձեռք են բերվել առ այսօր և քննարկելով ապագա ծրագրերը: Վերջին երկու տարիների ընթացքում իրականացվել են մի շարք աշխատանքներ, որոնք նպաստել են ոստիկանության ծառայության արդյունավետության և հաշվետվողականության բարձրացմանը: Միևնույն ժամանակ, դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց վերացմանն ուղղված միջոցառումները ներառված են 2013-2014 թթ. բարեփոխումների նոր ծրագրի մեջ:»
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց. «Ոստիկանության համակարգի բարեփոխումը գերակայություն է շատ անցումային երկրներում: Դա դժվար և մարտահրավերներով հագեցած գործընթաց է, որը պահանջում է համակարգային փոփոխություններ, իրավապահ մարմինների աշխատակիցների հմտությունների կատարելագործում և ամենակարևորը՝ մտածելակերպի փոփոխություն՝ ուղղված ապահովելու արդյունավետ ծառայություն հանրային կարիքները հոգալու համար: Կարծում եմ, որ այս համաժողովը կօգնի կողմերին ուսումնասիրել միմյանց փորձը և բացահայտել լավագույն պրակտիկան, որը կարող է նպաստել ոստիկանության հետագա բարեփոխումներին Հայաստանում»:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցում է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների գործընթացին 2010թ.-ից ի վեր՝ կենտրոնանալով ժողովրդավարական ոստիկանական պրակտիկայի խթանման վրա՝ ոստիկանական կրթության և ոստիկանություն-հանրություն գործընկերության ամրապնդման ոլորտներում:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ