Բաժիններ՝

Աստղային հիվանդությամբ տառապող օլիգարխները թափանցում են Հայաստանի գինու շուկա

ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020 թթ. կայուն զարգացման ռազմավարության մեջ նշված է, որ 2020 թվականին Հայաստանում խաղողի տարածքները կկազմեն 33.2 հազար հեկտար՝ 2013թ. 22.4 հազար հեկտարի փոխարեն:

«Սխալ թիվ է: Չեմ կարծում, որ այդքան կավելանա, լավ ցանկություններ են»,- մեզ հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա տվյալներով՝ 2013-ին ունենք 18 հազար հեկտար խաղողի այգի, տարեկան տնկվում է 1000 հա, այսինքն՝ 2020-ին լավագույն դեպքում կունենանք 27-28 հազար հեկտար: Ա.Հարությունյանի հաշվարկով՝ որպեսզի մեկ հեկտար այգին 4 տարի հետո բերք տա, հարկավոր է 20 հազար դոլար: Այսինքն՝ ընդհանուր առմամբ մոտ 200-400 մլն դոլարի ներդրում է պահանջվում:

«Պետությունը ոչ մի կոպեկ չի դնի, գյուղացին էլ չի անի, այդ ներդրումները վերամշակողները պետք է անեն: Այսօր այլ ոլորտի օլիգարխներ թափանցում են գինու շուկա: Աստղային հիվանդություն է դարձել, մարդիկ, որ կարծում են իրենք աստղ են, մտածում են, որ սեփական այգի ու գինի պետք է ունենան: Սա մի կողմից լավ է՝ ներդրում է կատարվում, և դատարկ հողը այգի է դառնում, մյուս կողմից վատ է՝ արտադրված գինիները շահույթ չեն հետապնդում, ու դիսբալանս է առաջանում, շուկայից դուրս են գալիս փողեր, որ կապ չունեն գինու հետ, և հավասարակշռությունը խախտվում է»,- ասաց միության նախագահը:
Անդրադառնալով այս տարվա արդյունքներին՝ Ա.Հարությունյանը նշեց, որ շատ լավ տարի էր, մթերվեց մոտ 167 հազար տոննա խաղող՝ 10%-ով ավելի, քան անցած տարի. «Բայց մեծ մասը կոնյակ արտադրողները գնեցին: 3 կազմակերպություն գնեցին ամբողջ բերքի 60%-ը, կամ 8 կազմակերպություն՝ 75%-ից ավելին: Այսինքն՝ բևեռացումը շարունակվում է: 16 կազմակերպություն գնեցին մոտ 10 հազար տոննա, 8 կազմակերպություն՝ 500-1000 տ, 18 փոքր կազմակերպություն՝ 100-500 տ, շատ փոքրերը՝ մինչև 100 տոննա խաղող: Սպիտակ խաղողի գինը համարյա չի փոխվել, կարմիրի գինը թանկացավ մոտ 20 դրամով: Արտահանման աճը մոտ 25% կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս