Ամերիկյան Contour Global-ը 180 միլիոն դոլար կներդնի Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում
Ամերիկյան Contour Global ընկերությունը 180 միլիոն դոլար է պատրաստվում ներդնել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում։ Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը՝ ամփոփելով Վաշինգտոնում տեղի ունեցած տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստի արդյունքները։ Ըստ ITAR-TASS-ի՝ հաղորդագրության մեջ նշվում է, որ ներդրումը մասնակիորեն կֆինանսավորվի նաև արտասահմանում կատարվող մասնավոր կապիտալ ներդրումների ամերիկյան պետական կորպորացիայի կողմից։ Ընդգծվում է, որ սա Հայաստանի տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումն է մասնավոր ամերիկյան ընկերության կողմից։ Բացի այդ, ուշադրության է արժանի, որ ամերիկացիները առաջին անգամ են կապիտալ ներդրում կատարում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում։
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կողմերը քննարկել են վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Մասնավորապես, առաջարկվող մեխանիզմի համաձայն՝ ամերիկացիները հնարավորություն կունենան մուտք գործել Հայաստան առանց մուտքի արտոնագրի, իսկ Հայաստանի քաղաքացիները կստանան ԱՄՆ բազմակի մուտքի իրավունք՝ 10 տարի ժամկետով։ Քննարկման մասնակիցների կարծիքով, դա կնպաստի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների և ներդրումների աճին։