
Թուրքիայի քրդերը ՏԻՄ ընտրություններից առաջ կարող են դաշինքի մեջ մտնել քեմալականների հետ

Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ, BDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կարևորել է հաջորդ տարվա գարնանը Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների նշանակությունը:
Դեմիրթաշը երեկ Դիարբեքիրում հայտարարել է, որ ԽԺԿ-ը «Ժողովրդական դեմոկրատական» կուսակցությանը (HDP) առաջարկել է ավելի բաց գտնվել՝ ՏԻՄ առաջիկա ընտրություններում հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (CHP) հետ դաշինք ձևավորելու համար:
Դեմիրթաշն ընդգծել է, որ ՏԻՄ ընտրություններում իր պոտենցիալն օգտագործելու համար HDP-ը պետք է դաշինքի մեջ մտնի CHP-ի հետ: Դեմիրթաշը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ դեռ կողմերի միջև բանակցություններ չեն անցկացվել հնարավոր դաշինքի մասին:
HDP-ն իր առաջին համագումարն անցկացրել է այս տարվա հոկտեմբերի 27-ին: Կուսակցությունը հիմնադրվել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիր և առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջարկով, ինչն իրականացվել է նախընտրական ռազմավարության շրջանակներում և նախատեսում է միավորել մի շարք ձախ և քրդական կուսակցությունների:
HDP-ի համագումարում ներկայացվել է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ռազմավարությունը, կարգախոս է ընտրվել «BDP-ը՝ արևելքում, իսկ HDP-ը՝ արևմուտքում»: Թուրքական ԶԼՄ-ները չեն բացառում, որ հեռանկարում կարող է տեղի ունենալ մեկ կառույցի մեջ BDP-ի ու HDP-ի միավորում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ՏԻՄ ընտրություններն անցկացվելու են 2014 թվականի մարտի 30-ին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեծ կարևորություն է տալիս դրանց՝ իր գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (AKP) առջև նպատակ դնելով՝ ամեն գնով հաղթել քրդաբնակ Վանի, Դիարբեքիրի ու Մարդինի նահանգներում: