Գերմանիայի նախկին նախագահն անհեթեթություն է որակել իր դեմ ներկայացված մեղադրանքը
DW-World-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը կարծում է, որ անհեթեթություն է ծառայողական դիրքից շահ ստանալու մասին իր դեմ ներկայացված մեղադրանքը: Վուլֆն այդ մասին հայտարարել է Հանովերի դատարանում՝ մեղադրող կողմին լսելուց հետո:
Խոսքը գնում է ընդամենը 1000 եվրո կոռուպցիոն գործի մասին: Վուլֆն ընդգծել է, որ 37-ամյա քաղաքական կարիերայի ընթացքում մշտապես միմյանցից տարանջատել է անձնական ծախսերը բյուջտային ու կուսակցական ծախսերից:
Քրիստիան Վուլֆը Գերմանիայի նախագահի պաշտոնը լքել է 2012 թվականի փետրվարին, երբ նրան կասկածեցին ծառայողական լիազորությունների չարաշահման և ֆինանսական շահ ստանալու մեջ: Նրա դեմ հետաքննություն է անցկացվում մի քանի դրվագներով, որոնց մեծ մասը ձախողվել է:
Մնացել է միայն մեկ գործ. Վուլֆի ընկեր, կինոպրոդյուսեր Դավիթ Գրենեվոլդի կողմից նրա հյուրանոցային ծախսերը վճարելու մասին, ինչի դիմաց Վուլֆը, իբրև թե, խոստացել է աջակցել գործարարի նախագծին: Դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին, երբ Վուլֆը հանդիսացել է Ստորին Սաքսոնիա երկրամասի վարչապետ:
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, որ Գերմանիայի նախկին նախագահը կանգնի դատարանի առջև: