«Իմ երեխան այն յուրահատուկ դերասաններից էր, որ երբեք չէր խմում». Երվանդ Ենգիբարյանի մայր
Երեւանի Մյասնիկյան պողոտայում հոկտեմբերի 22-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, 30-ամյա դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարի ենթարկվելու դեպքով նախաքննությունը շարունակվում է, դրա վերաբերյալ մանրամասներ հարազատներին հայտնի չեն:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է դերասանի մայրը՝ Լիանա Պողոսյանը:
Նա դեռ չի հանդիպել գործով զբաղվող քննիչին, ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննությունը ընթանում է, եւ քննիչը անձամբ կապ կհաստատի ընտանիքի հետ: Լիանա Պողոսյանի համար հանելուկ է, թե որն է որդու վթարի ենթարկվելու պատճառը, քանի որ, մոր փոխանցմամբ, որդին ալկոհոլ չէր օգտագործում, մեքենան արագ չէր վարում:
«Իմ երեխան այն յուրահատուկ դերասաններից էր, որ երբեք չէր խմում, գուցե անփորձություն է եղել, անկանխատեսելի մի վիճակ, սարսափելի թյուրիմացություն վայրկյանների ընթացքում: Նա շատ լավ էր տիրապետում մեքենային, շատ էր սիրում վարել: Գուցե թեթեւակի արագ է վարել, գուցե ինչ-որ այլ պատճառ է եղել, բայց ես տեղյակ չեմ»,-ասաց Լիանա Պողոսյանը:
Որդու կորստից հետո նա դեռ ուշքի չի գալիս, ասում է՝ այդ սարսափելի ցավը կա եւ կլինի իր հետ: Այժմ ավելի շատ գտնվում է պառկած վիճակում՝ բժիշկների հսկողության տակ, դեղորայք է ընդունում:
«Շատ եմ ուզում գնալ աշխատանքի, շարունակել փորձերն ու ներկայացումները, հուսով եմ, որ մի քանի օրվա ընթացքում կկազդուրվեմ եւ կկարողանամ նորմալ աշխատել եւ ամեն ինչ անել թատրոնի համար՝ ի հիշատակ իմ տղայի»,- ասել է Երվանդի մայրը:
Ի դեպ, դերասանի ծնողները եւ բարեկամները խորին շնորհակալություն են հայտնում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի կոլեկտիվին, գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին, տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանին՝ ֆինանսական օգնության եւ հոգեհանգստի արարողություները հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: