Էրդողանը նոյեմբերի 21-ին պաշտոնական այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 21-22-ին պաշտոնական այցով մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու համար Ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի 4-րդ նիստին:
Ռուսական այցի ժամանակ Էրդողանին ուղեկցելու են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը: Ընդգծվում է, որ Էրդողանի պատվիրակությունը լինելու է բավական բազմամարդ:
Սանկտ Պետերբուրգում Էրդողանը նաև երկկողմ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման հարցը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային մի շարք հարցեր, այդ թվում նաև Սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի, Եգիպտոսի հարցերը:
Ընդգծվում է, որ Էրդողանի ռուսական այցից առաջ Ռուսաստանը սկսել է ամրապնդել Եգիպտոսի հետ իր հարաբերությունները, իսկ Թուրքիան նույն կերպ է վարվել Իրաքի պարագայում: Ակնկալվում է, որ այս տարեվերջի դրությամբ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կհասնի 35 միլիարդ դոլարի: Կողմերը նպատակադրվել են դա հասցնել 100 միլիարդ դոլարի:
Էրդողանը վերջին անգամ Սանկտ Պետերբուրգ է այցելել այս տարվա սեպտեմբերի 5-6-ին, ուր մասնակցել է G-20-ի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովին: