Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանը ժամանակ է խնդրել դատարանից

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործը քննող քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան ազատամարտիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկու ամսով երկարացնելու համար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյեթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր պետք է քննվեր քննիչի միջնորդությունը: Դատական նիստը, սակայն, հետաձգվել է:

Ինչպես նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը՝ ինքը ժամանակ է խնդրել դատարանից իր առարկությունները ներկայացնելու համար:

Դատարանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը, հետաձգել է դատական նիստը և այն նշանակել վաղը:

Փաստաբան Արա Զաքարյանը ավելի վաղ հայտնել էր, որ քրեական գործով տուժող ճանաչված անձի հետ մինչ այժմ Վոլոդյա Ավետիսյանը չի առերեսվել: Այսօր փաստաբանը նշեց, որ դեռևս որևէ առերեսում չի եղել: Որոշ ժամանակ առաջ Վոլոդյա Ավետիսյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել` խարդախութան փորձի համար:

Արա Զաքարյանը այս մեղադրանքը անվանեց շինծու:

Նշենք, որ դատարանի բակում Վոլոդյա Ավետիսյանին աջակցելու համար հավաքել էին մի խումբ ազատամարտիկներ, և երբ ուղեկցող գումարտակի հետ նրան ավտոմեքանայով դուրս էին բերում դատարանի շենքից, ազատամարտիկները վանկարկում էին նրա անունը:

Տեսանյութեր

Լրահոս